Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Մայքլ Քոնոլին Հայաստան է ժամանել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման հարցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ: Ընդ որում՝ հայտատուների շուրջ 50 %-ը ՀՀ մարզերից է:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև առաջիկա համաժողովի անցկացումը: «Այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով մենք համագործակցում ենք Բրիտանական խորհրդի հետ, անգլերենի ուսուցիչների կարողությունների զարգացման և, առհասարակ, ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի մշակման տեսանկյունից, մեզ համար շատ կարևոր են: Երկու ուղղություններով էլ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրին»:

«ՀՀ կրթական բոլոր մակարդակներում, հատկապես հանրակրթության ոլորտում, բազմաթիվ մեծածավալ բարեփոխումներ են տեղի ունենում՝ թե՛ կրթության բովանդակության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ դպրոցների կառավարման և ֆինանսական համակարգի բարելավման տեսանկյունից: Բնականաբար, լավագույն փորձի տեղայնացումը մեզ համար կարևոր ճանապարհ է»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլն ընդգծել է՝ Հայաստանի հետ համագործակցության հաջողված փորձը կարող է որպես մոդել դիտարկվել այլ երկրների կողմից: «Հայաստանի կառավարության և Բրիտանական խորհրդի միջև երկարաժամկետ համագործակցության մակարդակը լավագույն օրինակներից է, որը մենք ցանկանում ենք կիսել ամբողջ աշխարհի հետ: Հայաստանը հիանալի գործընկեր է հատկապես այն առումով, որ ոչ միայն զբաղվում է կրթական բարեփոխումների մշակմամբ, այլև աշխատում է դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Ընդ որում՝ խոսքը ռազմավարական շատ հավակնոտ ծրագրի մասին է»,- ասել է Մայքլ Քոնոլը:

Անդրադառնալով ՀՀ–ում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները: «Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման շրջանակում մենք երկու տարվա ընթացքում սովորողների մոտ կրթության դինամիկայում 6 ամսվա աճ ենք գրանցել: Սա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է: 2015 թվականին մարդկային կապիտալի գնահատման շրջանակում հետազոտությունները ցույց են տվել, որ 12-ամյա կրթության ընթացքում մեր սովորողները ձեռք են բերում 8 տարվա գիտելիքներ: Մնացած 4 տարիներն այնքան էլ արդյունավետ չեն անցնում դպրոցներում: Մեր կողմից նախաձեռնված այս գործողությունները հստակ կանոնակարգելու և ճիշտ ընթացքով իրականացնելու դեպքում կարող ենք կրճատել այն բացը, որն այժմ ունենք հանրակրթական դպրոցներում»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլը փաստել է՝ մի պայմաններում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել, Հայաստանում գրանցված 6 ամսվա աճը, իսկապես, տպավորիչ է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության այլ հեռանկարներ, մասնավորապես, ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նախագծային ուսուցմանն ու դպրոցների կառավարման բրիտանական փորձի ուսումնասիրությանը:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ