Ցավոք, չհասցրին իմ կարած մանկական տակդիրները վերցնել, պատերազմը սկսվեց․ «Սիրուն կար» ընկերության հիմնադիր
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսյանը հիշում է իր առաջին կարի մեքենան։ Տնտեսագիտություն էր սովորում, բայց համարձակ մտքերն հագուստի մոդելավորման ասպարեզում էին։ Ընկերուհու առաջարկով առաջին կուրսում սկսեց կարի խմբակ հաճախել։
Մեկ ամսվա ընթացքում իսկույն «լեզու գտավ» կարի մեքենայի հետ, ուսուցչի օգնությամբ կարեց առաջին կիսաշրջազգեստը։ Նրա խանդավառությունը և աշխատասիրությունը աննկատ չմնացին ընտանիքի անդամների կողմից։
Հենց այդ ժամանակ էլ նվեր նվեր ստացավ երազանքի կարի մեքենան։ Հետո երազանքը «ննջեց» ու արթնացավ դստեր՝ Միայի ծնվելուց հետո, երբ արդեն գերազանցությամբ ավարտել էր բուհն ու աշխատում էր։ Որոշեց Միային դարձնել մուլտֆիլմի հերոսուհի՝ նրա համար հեքիաթային հագուստ կարելով։
Արդյունքը բոլորին հիացրեց։ Կարինեն սկսեց մտածել կատարելագործվելու, հմտանալու ուղղությամբ։ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում Անահիտ Մնացականյանի մոտ ուսանելուց հետո արդեն կարելի էր լուրջ մտածել սեփական արտադրանքի մասին, մանավանդ որ Կարինեի ցանկություններից մեկն էր՝ թուրքական արտադրանքի կարիքը չզգալ հայկական շուկայում։ «Միշտ մտածում էի, թե ինչու մենք, լինելով տաղանդավոր, չունենք սեփական արտադրությունը, այլ գնում ենք թուրքական հագուստ։ Պատերազմից հետո որոշեցի լրիվ հրաժարվել թուրքականից։ Դա անելու համար պետք է առաջարկել, ապահովել ավելի բարձր որակի ու մակարդակի այլընտրանք»,-ասում է նա։
Դրական արձագանքներից ոգևորված 2022թ. նոյեմբերի սկզբին Կարինեն որոշեց հիմնադրել իր բիզնեսը։ Հասցնում էր համատեղել փոքրիկի խնամքը, հաշվապահի աշխատանքը, իսկ երեկոյան ժամանակ էր գտնում ստեղծագործելու: Անհրաժեշտ էր մտածել գեղեցիկ և հիշվող լոգո, բրենդի անուն: Այն պետք է պարտադիր լիներ հայկական և հեշտ արտասանվեր օտար լեզուներով: Գտնվեց՝ «Սիրուն կար»։ Ընկերության համար դժվարությունները սկսվեցին 2022թ ձմռանը, երբ ադրբեջանցիները արգելափակեցին Լաչինի միջանցքը։ Կտորի ու թելերի պակաս կար։
«Մայրիկները բողոքում էին մանկական տակդիրների պակասից: Ես որոշել էի բազմակի օգտագործման տակդիրներ կարել: Սեպտեմբերի 18-ին կայքում հայտարարություն տեղադրելուց հետո տասնյակ պատվերներ ստացա։ Սեպտեմբերի 18-19-ի գիշերը չեմ քնել։ Ուզում էի գոնե 3-4 հոգու պատվերները հասցնել կատարել: Ցավոք, չեն հասցրել վերցնել, քանի որ սեպտեմբերի 19-ի կեսօրին վերսկսվեց պատերազմը։ Պատսպարվեցինք նկուղում, և այդ տակդիրները տվեցի այնտեղ գտնվող երեխաներին»,- պատմում է նա։
2023թ սեպտեմբերից Կարինեն ու ամուսինը Երեւանում են, աշխատում են մասնագիտությամբ, բայց որոշեց Հայաստանում ևս զբաղվել հագուստի մոդելավորմամբ։ Ֆինանսավորման հարցում օգնել է Եվրասիա Բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Տարեսկզբին «Սիրուն կար» ՍՊԸ ընկերությունը բացեց իր դռները հայկական արտադրանքը գնահատողների առջև: Պատվերները երկար սպասել չեն տվել: Արդեն հասցրել են արտադրել անկողնային պարագաներ, սփռոցներ, կանացի և մանկական հագուստի տեսականի: Այստեղ ցուցադրված են նաև Արցախից բռնի տեղահանված կանանց ձեռագործ աշխատանքները:
Տաթև Ազիզյան