Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_4066
A A
Մշակույթ

Կրթական ուղևորությունը դեպի ԱՄԷ հայ պատանի երաժիշտների համար ունեցավ մեծ հաջողություն

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթական ուղևորությունը դեպի Դուբայ ունեցավ մեծ հաջողություն: Փետրվարի 1-ից 16-ը 34 պատանի երաժիշտ՝ Հիմանդրամի կրթաթոշակառուները և կրթական ծրագրի այլ մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ և ունկնդրել 16 դասական համերգներ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

Յուրաքանչյուր օր նշանավորվում էր վարպետության դասերով աշխարհի լավագույն և հանրաճանաչ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Giuliano Mazzoccante), Հե-Յանգ Քիմը (Hae-Young Kim), Էշլի Վասը (Ashley Wass), Ալեքսանդր Չաուշյանը (Alexander Chaushian), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբի (Berlin Symphony Orchestra) և Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբի (Oxford Philharmonic Orchestra) կոնցերտմայստերները և ուրիշներ։

Այս կրթական փորձառության կարևորագույն մասն էին նաև InClassica փառատոնի համերգները, որոնց ընթացքում հանդես եկան հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը (Berlin Symphony Orchestra), Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Oxford Philharmonic Orchestra), անվանի դիրիժորներ, ինչպիսիք են Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos), Քրիստոֆ Պոպենը (Christoph Poppen), Լուկաս Մասիանսը (Lucas Macías), ինչպես նաև հանրահռչակ արտիստներ, ինչպիսիք են՝ Քամիլ Թոման (Camille Thomas), Մաքսիմ Վենգերովը (Maxim Vengerov), Զի Զին (Zee Zee) , Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Յոլ Ում Սանը (Yeol Eum Son), Ֆրանկ Բրալենը (Frank Braley) և ուրիշներ։

Երաժշտական այս խոշորագույն իրադարձության մաս կազմելը կրկին ընդգծում է դասական երաժշտության և հայ տաղանդավոր պատանի երաժիշտների ապագայի համար ներդրումներ կատարելու խորը կարևորությունը:

 

 

«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը», ստեղծված 2009թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, այս տարվա փետրվարի 1-16-ը 34 հայ պատանի երաժիշտների համար կազմակերպեց կրթական ուղևորություն դեպի Դուբայ, ԱՄԷ: