Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20240220_153312[1]
A A
Մշակույթ

«Ես ուզում էի, որ այդ գիրքը կարդա մայրս»․ «Տարվա ամենապահանջված թարգմանություններ»-ի մրցանակակիր

2016թ-ին թարգմանիչ  Մարիա Սադոյանը «ծանոթացավ»  Խալեդ Հոսեյնիի հետ․ աֆղանական ծագմամբ ամերիկացի գրողի «Օդապարուկ թռցնողն» ու «Հազար չքնաղ արեւները» կարդաց մի շնչով։

«Երբ արցունքախառն աչքերով փակեցի գիրքը, հասկացա, որ ուզում եմ անպայման այս անգլերեն գիրքը լինի հայերեն։ Ուզում էի, որ այդ կարդան իմ ընկերները, իմ մայրիկը, որը չգիտի անգլերեն։  Ես ուզում էի, որ անպայման հայերենով լինի այս գիրքը, որն ամբողջովին ներկայացնում է աֆղանական ժողովրդի ցավը։ Գիրքը կարդալուց ես շատ-շատ զուգահեռներ  կարողացա անցկացնել մեր ժողովուրդների պատմության հետ։ Չնայած Հոսեյնիի գրականությունը մեզ շատ մոտ ու միաժամանակ այլ պատմություն է, որի  հետ հուզական կապ ես զգում միանգամից»,- ասում է թարգմանիչը։

Այսօր Մարիա Սադոյանին տրվել է մրցանակ «Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում՝ Խալեդ Հոսեյնիի գրքերի հայերեն թարգմանությունների՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար («Զանգակ» հրատարակչություն): «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ավելի քան տասը տարի իրականացնում է «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագիծը:  Թարգմանիչը արարողությանը ներկա չէր։ Նա ապրում է Վիեննայում։

«Ինձ  համար ոչ այնքան կարեւոր է, որ  լավագույնս վաճառվել է (դա էլ է անշուշտ կարեւոր), այլ այն, որ Հոսեյնի երկու գրքերը՝ «Օդապարուկ թռցնողը» եւ «Հազար չքնաղ արեւները» այն գրքերից  են, որոնք  շատ –շատ մեծ ժողովրդականություն են վայելում նաեւ գրադարաններում։ Ինձ բազմիցս  Ֆեյսբուքով դիմել են  մարզային գրադարաններից, որ երբ լինեմ Հայաստանում, Հոսեյնիի գրքերի վերաբերյալ որեւէ հանդիպում կամ զրույց անցկացնեմ ընթերցողների հետ։ Այ դա է  ինձ համար ամենամեծ հաջողությունը»,- «Ա1+»-ին ասում է Մարիա Սադոյանը։

2017թ-ին է  լույս տեսել «Օդապարուկ թռցնող», 2020թ․-ին՝ «Հազար չքնաղ արեւները»։

«Ուրախ եմ, որ 7 տարի է` «Օդապարուկը դեռեւս ճախրում է  գրական երկնակամարում։  Դա այն գիրքն էր, որ Աֆղանստանը ներկայացրեց ոչ թե կոնֆլիկտի, արյունահեղության, շատ հեռավոր, տհաճ նորությունների, ծանր լուրերի աղբյուր, այլ  կոնկրետ մարդկային պատմության, մարդկային ողբերգության, զգացմունքների վայր»,- ասում է թարգմանիչը։  

 Հոսեյնիի գրքերը նա համարում է «մի շնչով կարդացվող ու մի շնչով թարգմանվող»։ Բայց դժվարություններ թարգմանելիս, իհարկե, եղել են․

«Շատերն ասում են, որ Հոսեյնի վեպերը, որոնք  միլիոնավոր օրինակներով վաճառվել են աշխարհում ու բեսթսելեր են ոչ միայն Հայաստանում, բարձր  գրականություն որպես այդպիսին  համարել թերեւս չի կարելի, որովհետեւ իրենք գրված են բավականին ուրույն ոճով, բայց նաեւ շատ հանրամատչելի ոճով։ Իմ խնդիրը նրանում էր, որ ես պահպանեմ արեւելյան երգեցողությունը, արեւելյան երանգը տեքստում, եւ ես պահպանեցի բոլոր բառերը, որոնք  հայ ընթերցողին հասկանալի  կլինեին»։ 

Արհեստական բանականության՝ թարգմանչական  գործիքների զարգացմանը զուգահեռ թվում է վերանում են օտարալեզու գրականությանը ծանոթանալու պատնեշները։

« Իրականում ցանկացած թարգմանիչ  կասի, որ որոշ չափով խմբագրում է  հեղինակին, բայց ոչ այն ձեւով, ինչպես անում են խմբագիրները։ Եւ հենց այդ պատճառով մեքենայական թարգմանությունը չի կարողանա փոխարինել գրականին։  Որովհետեւ մենք բառ առ  բառ չենք թարգմանում։ Մենք յուրացնում ենք տեքստը, պատումը որպես այդպիսին ամբողջությամբ։ Երբ դու սկսում ես ինչ-որ չափով խմբագրել, հասկանում ես, որ այս նախադասությունը բացարձակապես անհասկանալի է հայերենով, ու փորձում ես  ոչ միայն շարադասությունը փոխել, այլ բառ ավելացնել կամ պակասեցնել նախադասության մեջ, որպեսզի ոչ թե  հասանելի լինի տեքստը բառ առ բառ, այլ հասկանալի լինի իմաստը, զգացողությունը, տպավորությունը, որը ստանում ես գրքից։   Ինձ համար միշտ եղել է երազանք գրական տեքստեր թարգմանելը, եւ շատ-շատ երախտապարտ եմ բախտին, որ, տեղափոխվելով այլ երկիր,կարողացա  ընտրել մի մասնագիտություն, որը կարող եմ  հետս տանել տարբեր երկրներ ու աշխատել Հայաստանի համար»,-ասում է Մարիա Սադոյանը, որը մոտ 15 գիրք է թարգմանել հայերեն։

Իհարկե, նրա թարգմանած ոչ բոլոր գրքերն են բեսթսելերներ․ «Կան գրքեր, որոնք երբեք բեսթսելեր չեն կարող լինել, օրինակ՝ «Օդապարուկ թռցնողից» հետո  թարգմանել եմ Ջեք Քերուեքի «Ճանապարհին» ինքնակենսագրական էքսպերիմենտալ վեպը։  Կան վեպեր, որոնք հուսով եմ՝ կդառնան բեսթսելեր։ Օրինակ՝ Իեն Մքյուենի «Քավություն»-ը, որը  լույս է տեսել 2023թ-ին ու  կարծես ժողովրդականություն է սկսել վայելել։  Ինչպես նաեւ Ֆրենք Հերբերթի «Դյունը», որը լույս է տեսնելու 2024թ-ին»։

Թեեւ Մարիա Սադոյանը 10 տարուց ավելի է՝ ապրում է արտերկրում, սակայն լավ ծանոթ է հայաստանյան անցուդարձին․

«Ես ապրում եմ հայերենով, Հայաստանից լուրերով։  Փառք Աստծո, տեխնոլոգիան թույլ է տալիս ընդհանրապես չկտրվել հայ իրականությունից՝ ֆիզիկապես այլ տեղ ապրելով։ Ընդհակառը՝  կտրվել եմ վիեննական իրականությունից։ Երբ  ինձ մի լուր են ասում Վիեննայից, անկեղծ զարմանում եմ» ։ 

Քանի որ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, հարցնում ենք՝  ինչ է պատգամում իր դպրոցական դստերը։

 «Իմ դստերը կասեմ, որ հայերենը այն  գանձն է,կոթողն է, որի շնորհիվ մենք կարող ենք  ցանկացած տեղ մնալ հայ։ Լեզուն չափազանց  կարեւոր է։ Լեզուն մտածողություն է, հոգեվիճակ է։ Ուրախ եմ, որ Վիեննայում եմ, ոչ թե այլ տեղ, որ այստեղ կա հայկական դպրոց, եւ աղջիկս եւ գրում, եւ կարդում է հայերեն։ Իրեն ասել եմ, որ հայերենը մեր շփման ծածկագիր լեզուն է, եւ որոշել ենք՝ ինչ-որ բան ունենք իրար ասելու, պետք է հայերեն խոսենք, ու դա իրեն շատ դուր է գալիս»,- ժպտալով ամփոփում է Մարիա Սադոյանը։