Բացել լրահոսը Փակել լրահոսը
kamil-zeynalli
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով (տեսանյութ)

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ է հղել՝ հայտնելով, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոստիկանությունը իրեն ձերբակալել է ու բաժանմունք տարել։

Տեսաուղերձում Զեյնալին հայտարարել է, թե ոստիկաններն իրեն հայտնել են, որ Հայաստանը իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Զեյնալին նաև հայտնել է, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։

Բլոգերը նշել է, որ ՌԴ իրավապահները չեն բացառել իրեն Հայաստանին արտահանձնելու հնարավորությունը։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալիի ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում։

Թեմային արձագանքել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝  նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։ 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես գլխատել է խաղաղ բնակչի։