Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (88)
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նա գրել է, որ 2023–ի դեկտեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, որի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ Ալեք Մանուկյանի արձանն իր տեղում չէ:

«Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը»,–ասվում է գրառման մեջ։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»։