Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող շարունակում է կրթությունը (տեսանյութ)

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կրթական իրավունքի իրացման ուղղված գործընթացների վերաբերյալ: Զարուհին Մանուչարյանը նաև պատասխանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կողմից հաճախ տրվող հարցերին:

Սարգիս Հայոցյանի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականցվում է երկու ծրագիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կրթական իրավունքի իրացմանը: Առաջին ծրագրի շրջանակում Կառավարության որոշմամբ հաստատվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուսումնական տարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Տվյալ որոշմամբ, տրամադրվում է կրթաթոշակի առավելագույն չափը: Տվյալ պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4640 ուսանող կա Հայաստանում, որոնցից 2116-ը Լեռնային Ղարաբաղում սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ 2514-ը նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այս տարվա հունվարի դրությամբ, Լեռնային Ղարաբաղում կրթական հաստատություններում սովորող բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն իսկ շարունակում է կրթությունը Հայաստանի տարբեր բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում:

Երկրորդ ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանող հանդիսացող Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների համար, ում ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Այս ծրագիրը նույնպես կարգավորվում է Կառավարության որոշմամբ, որի շրջանակում հաստատվել է նախնական, միջին, բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը: Այս ծրագրի շրջանակում աջակցություն է ստանում 844 շահառու:

Հաջորդիվ՝ Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնից» հնչեցրել է նաև հաճախ հնչող հարցերը և ներկայացրել դրանց պատասխանները:

- Արդյոք Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառու անձինք կարո՞ղ են օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից:

Տեղեկացնեմ, որ այո, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրից: Եթե նախկինում հետվճարի ծրագրից կարողանում էին օգտվել այն քաղաքացիները, ովքեր օգտվում էին գործընկեր բանկերից, 2024 թվականից տեղի է ունեցել փոփոխություն, և հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր քարտապան կենսաթոշակառուները: Հետվճարի ծրագրից կարող են օգտվել ինչպես կենսաթոշակառուները, այնպես էլ նպաստառուները՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վետերանների պատվո վճար, զինպարգևավճար, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողները:

- Արդյոք նախատեսվո՞ւմ է իրականացնել սոցիալական աջակցության նոր ծրագիր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը շարունակում են լինել օրակարգային, մշակվում են ծրագրեր, որոնք կապահովեն ընթացիկ ծրագրերի շարունակականությունը:

- Եթե կենսաթոշակառուն փոխում է հաշվեհամարը, ե՞րբ կարող է ստանալ կենսաթոշակը նոր հաշվին:

Հաշվեհամարի կամ քարտի հետ ցանկացած գործարքի դեպքում քաղաքացուն խնդրում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրել դիմում և հաջորդող ամսվանից կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի նոր հաշվեհամարին:

- Եթե մայրն ունի 2 մլն կամ ավելի գումար, արդյոք նրա անչափահաս երեխաներն օգտվո՞ւմ են սպառողական ծախսերի համար հատկացվող 50 000 դրամ աջակցությունից, եթե դիմումը լրացրել է մայրը:

Տեղեկացնեմ, որ այս ծրագրի շրջանակում երեխան շահառու է, եթե դիմում լրացնող ծնողը շահառու է: Այս դեպքում, եթե մայրը ծրագրի շահառու չէ, ապա երեխան ևս չի կարող լինել շահառու:

Ամփոփելով՝ Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է նախարարության տարածած հայտարարությանը, որը հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ անձնական տվյալները՝ անձնագրի, հանրային համարանիշի, բանկի քարտային տվյալները, ներկայացնել որևէ ոչ պաշտոնական աղբյուրներում կամ պլատֆորմերում՝ խարդախություններից և կիբեռհանցագործություններից խուսափելու նպատակով: