Ժոզե Մոուրինյոյի հետքերով
Պորտուգալական «Պորտոյի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ մասնագետը, ում հաջողվեց իր թիմի հետ հաղթել Եվրոգավաթի մրցաշարում: Մարզիչը ծնվել է 1977թ հոկտեմբերի 17-ին:
Երեկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում նրա սաները 1:0 հաշվով առավելության հասան պորտուգալական մեկ այլ թիմի` «Բրագայի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց մրցաշարի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն, որն իր գոլերի քանակը հասցրեց 17-ի: Այդպիսով, «Պորտոն» երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի լիգայի (նախկինում` ՈՒԵՖԱ-ի գավաթ) մրցաշարում:
Անդրե Վիլաշ Բոաշը կարող է կրկնել իր հայրենակից Ժոզե Մոուրինյոյի արդյունքը, եթե մայիսի 22-ին թիմի հետ տիրի նաեւ Պորտուգալիայի գավաթին («Պորտոն» վաղուց արդեն նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը): Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչը 2003 թվականին «Պորտոյի» հետ հաղթող էր դարձել վերը նշված բոլոր մրցաշարերում: