Բացել լրահոսը Փակել լրահոսը
եկեղեցի
A A
Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ պահքի սկիզբը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է  Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ պահքի սկիզբը։

Այդ օրը բոլոր եկեղեցիներում կփակվեն խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մեծ պահքի շրջանում խորհուրդ չի տրվում կատարել մատաղի արարողություն և չի խրախուսվում սուրբ պսակի խորհուրդը,  բայց կարելի է անել մկրտության արարողություն։  

 Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Աստված միայն մի բան էր պատվիրել նրանց ՝ չուտել Եդեմի պարտեզի բարու և չարի գիտության ծառից (Ծննդ. 2:16): Սակայն Ադամն ու Եվան խախտում են պահեցողությունն ու, ճաշակելով արգելված պտուղը, կորցնում են դրախտը: 

 Ադամի և Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ո՞ւր ես» հարցին պատասխան ունենանք և Ադամի նման չթաքնվենք:  
 
Բուն Բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միևնույնն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Աստվածաշնչում ասվում է. «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16): Սողոմոն Իմաստունի խոսքերը, բնականաբար, միայն մեղրին չեն վերաբերում: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ պահքին: