Արցախի Մաղավուզից՝ Լոռու Չկալով. ընտանիքը դժվարությամբ է հարմարվում նոր բնակավայրին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Մաղավուզից՝ Լոռու Չկալով։ Տիգրանը, Դավիթը,Նարեկը, Խաչատուրն ու Իլյան, ծնողների՝ Լուսինեի ու Սաշայի հետ Չկալովում են հաստատվել, գրում է Անկյուն+3-ը։
Հայրենիքից տեղահանվելուց 4 ամիս է անցել․ ընտանիքը դժվարությամբ է հարմարվում նոր բնակավայրին, բայց միջոցներ ձեռնարկում՝ ապրելու համար։ Լուսինեն ցանկանում է Չկալովում գեղեցկության սրահ բացել։ Այդ նպատակով Դսեղում մատնահարդարման ու վարսահարդարման դասընթացների է մասնակցում։
«Սոֆյա Հովսեփյանն ա հովանավորել՝ մատնահարդարումը։ Ինքն ա գումարը փոխանցել, որ սովորեմ։ Մեկ էլ՝ ասել ա, որ գործիքներն էլ կտրամադրի։ Բայց վարսահարդարումը ես ինքս եմ վճարում։ Ուզում եմ գյուղում սդալոն բացեմ, դէ, դեռ ուզում եմ։ Բայց դէ, մի քիչ էլ պիտի կողքից օգնություն ըլնի էլի», –ասում է Լուսինեն։
Լուսինեն, Մաղավուզում ապրելու ժամանակ, միայն երեխաների խնամքով ու տնային գործերով է զբաղվել։ Ընտանիքի ֆինանսական հոգսը հիմնականում ամուսնու՝ Սաշայի ուսերին է եղել, որը պայմանագրային զինծառայող է եղել։ Սաշան ասում է՝ իր աշխատավարձն ու անչափահաս երեխաների համար պետության նպաստն այնտեղ բավարարում էր իրենց՝ ապրելու համար։ Բայց այստեղ այլ է, դժվար։ Նախ, զինվորականներն ավելի քիչ են վաստակում, հետո էլ՝ երեխաների համար նպաստ չկա։
«Ստեղ մեզ նպաստ չի հասնում։ Որտեղ դիմում պետքա լրացնենք, ասում ա երեխեքը պետքա 2022 թվականից հետո ծնցած լինեն, իսկ մեր երեխաները մեծ են»,– ասում է Լուսինեն։
«Մեր մոտ սաղին հասնում էր, մի չորսհարյուր քանի հազար էլ աշխատավարձ էի ստանում, դիրքեր էի բարձրանում։ 14 օր՝ դիրքեր, 14 օր՝ տանը։ Լինում էր, որ ամիսներով չէինք իջնում, նայած։ Ստանում էի, կարողանում էինք երեխեքին պահենք լիարժեք, ոնց պետքա ա»,–ասում է Սաշա Հակոբյանը։
Սաշան, որ արցախյան երեք պատերազմների մասնակից է, ասում է՝ այստեղ զինվորական գործով չի զբաղվի։ Առայժմ Լուսինենին է օգնում՝ երեխաներին խնամելու գործում։ Բացի այդ, գյուղատնտեսական աշխատանքներ է անում։
Հիմա հավեր ու ճագարներ են խնամում, գարնանն էլ տնամերձ այգին կմշակեն։
«Կուզեի, եթե հովանավոր ըլեր, օգներ մի հատ մոտոբլոկ վերցնեի»,–ասում է Սաշա Հակոբյանը։
Բազմազավակ ընտանիքի երկու տղաները՝ Տիգրանն ու Դավիթը դպրոց են հաճախում, իսկ Իլյան, Նարեկն ու Խաչատուրը շուտով Չկալովի նախակրթարան կհաճախեն։ Դավիթն ասում է՝ դպրոցը շատ լավն է, միայն թե երեբեմն այստեղի բառբառը չի հասկանում։
Ամերիկաբնակ մի նախկին հայաստանցի գազօջախ, սառնարան, լվացքի մեքենա եւ հեռուստացույց է նվիրել։ Գյուղացիներն էլ անմասն չեն մնացել։ Ով ինչով կարողացել, օգնել է։ Աջակցություն են ստացել նաև համայնքապետարանից։ Տանը անհատույց են ապրում, պետության տված գումարն ուղղում տան բարեկարգմանը։
Սաշան ասում է ցանկանում է այգու եղած մրգատու ծառերն ավելի շատացնել, բարեկարգել այգին։ Մի խոսքով արցախցի ընտանիքն այստեղ հիմնավորվում է։ Իհարկե, մտքում Արցախ վերադառնալու երազանքով։