Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սթափվեք, կօժանդակենք․ որպես պետություն հիմա պետք է արագ ծանուցենք եւ վերապահումները ներկայացնենք․ Մինասյան (տեսանյութ)

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան բացարձակապես որեւէ ձեւով հնարավորություն չի տալիս, որ ներպետական օրենսդրությունը ոտնակոխ անելով, խախտելով, ընդունես կամ անցկացնես միջազգային փաստաթուղթ, հետո դա վկայակոչելով, ասես՝ ամեն ինչ պարզ է։

Դա է պատճառը, որ Հայաստանի Սահմանադրության արգելող նորմում՝ 116-րդ հոդվածի երրորդ մասում ասվում է՝ միջազգային պայմանագրերը, որոնք պարունակում են Սահմանադրությանը հակասող դրույթներ, չեն կարող վավերացվել։ Սա անհաղթահարելի է»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ բանակցում են, թե գնում են նախաստորագրման, այդ փաստաթղթի դրույթները չեն կարող կյանքի կոչվել, եթե հակասում են Սահմանադրությանը։

«Նախ եւ առաջ սա է ամրագրված։ Մինչդեռ, երեկ այս ամբիոնից հայտարարություններ են արվում, որոնք հակասում են այս տրամաբանությանը։ Իսկ Սահմանադրության նախաբանը, որպես անփոփոխելի հոդված, անփոփոխելի դրույթ, ամրագրված է նաեւ ՍԴ որոշմամբ, ընդ որում, ձեր իսկ իշխանության ժամանակ ընդունված որոշմամբ։

Անփոփոխելի այդ դրույթի վերաբերյալ ձեր կողմից շատ սիրված, ձեր կողմից ընտրված ՍԴ դատավորը, որն այստեղից իրեն հայտարարում էր ՍԴ նախագահ, Վահե Գրիգորյանն իր հատուկ կարծիքն է նշել։ Սա այնպիսի հաստատագրում է, որ որեւէ միջազգային պայմանագիր չի կարող անտեսել այս հաստատագրումները։

Իսկ Անկախության հռչակագիրը, որը հիշատակվում է Սահմանադրության պրեամբուլայում, պարունակում է երկու սկզբունքային հարց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն եւ Հայաստանի Հանրապետության հանձնառություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտման, սատարման հարցում։

Այդ երկու դրույթները նաեւ ներկա քաղաքական մեծամասնության նախընտրական ծրագրի, ներկա կառավարության ծրագրային դրույթներն են։ Երբ դուք ուզում եք փոխել դրանք, ո՞ւմ շահերն եք սպասարկում։ Այդպիսի պահանջ դրել է Ադրբեջանը։

Անգամ եթե նույնիսկ ձեր ցանկությունը կա բարելավելու, երբ որ թշնամի պետությունը նման պահանջ է դնում, դուք պետք է հետ կանգնեք այդ գաղափարից։ Հակառակ դեպքում դուք ամբողջությամբ բավարարում եք թշնամու՝ անօրինական ձեզ տրված ցուցումները։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա չի խանգարում, որովհետեւ մենք նման համաձայնեցված դրույթ ունենք։ Այ հենց այստեղ է մեխը՝ դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ՝ կլինեք Ալիեւի հետ թեյ խմելուց, թե ինչ հարաբերության մեջ, որը կհակասի ՀՀ մայր փաստաթղթին։ Այո, եւ դա հանրաքվեով պետք է լուծվի»,- ասաց Մինասյանը։