Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը առանձնազրույց է ունեցել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ (տեսանյութ)

Հունգարիայի նախագահական նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հունգարիայի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր էջ կբացի հայ-հունգարական հարաբերություններում։

«Պարոն նախագահ, մենք բազմաթիվ ոչ ֆորմալ շփումներ ենք ունեցել, բայց սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, որը կարծում եմ, նոր ժամանակաշրջան կբացի Հայաստանի և Հունգարիայի հարաբերություններում, խորհրդանշանական է նաև, որ Ձեր այցելությունը գրեթե համընկնում է Եվրամիությունում մեր երկրի կողմից նախագահության ստանձնման հետ»,- ասել է Կատալին Նովակը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Անշուշտ, մենք տարբեր միջոցառումների շրջանակում հանդիպումներ և շփումներ ենք ունեցել, բայց ես նույնպես կարևորում են նման ընդունելություններն ու պաշտոնական փոխայցելությունները մեր երկրների երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։

Նման հանդիպումները կարևոր են նաև մեր հանրություններին և քաղաքացիներին ներկայանալու առումով։ Ցանկանում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը և իմ այցելության նպատակներից է նաև այդ փոխգործակցության ուղղություններն ու հնարավոր ծրագրերը հստակեցնելը»:


Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ի դեմս Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի իր շնորհակալական խոսքն է հղել Հունգարիայի բոլոր իշխանություններին Հունգարիայի հայկական համայնքի հանդեպ դրսևորած առանձնահատուկ վերաբերմունքի համար։ Նախագահը շեշտել է, որ տեղի հայ համայնքն իր ուրույն դերակատարությունն ունի երկու երկրների հարաբերություններում։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին։ Երկուստեք շեշտվել է կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առանցքային կետերը և ընդգծել, որ Հայաստանի սկզբունքային և միանշանակ դիրքորոշումը վերջնական խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն իր այս դիրքորոշման հիմքում դրել է հենց խաղաղության փիլիսոփայությունը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսությունների միջև առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրականացման և զարգացման հնարավորություններին և հեռանկարներին։

Կարևորվել են Հայաստանի և Հունգարիայի միջև առկա մշակութային, կրթական, քրիստոնեական արժեքային ընդհանրություններն ու կապերը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև առկա է ձևավորված փոխշահավետ փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր կրթական ծրագրերի կյանքի կոչման միջոցով։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել քայլեր ձեռնարկել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության և այլ միջազգային հարթակներում համագործակցության հետագա խորացման և զարգացման ուղղությամբ։