Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:

Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում: Այս մասին ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Նախաձեռնության հեղինակները հատկապես կարեւոր են համարել  կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունը եւ տեխնոլոգիաները: «Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը եւ քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի տարածմանը հասարակության մեջ, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է զեկուցողը՝ մանրամասնելով, որ հաճախ անչափահասները քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարները կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց վրա:

Առաջարկվում է սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

Պատգամավորներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների հեռարձակման կանխարգելումը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ եւ դիտողություններ, որոնք հեղինակները կքննարկեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից ելույթում պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ նախաձեռնության կարիքը վաղուց էր հասունացել: Նա կարեւորել է նախագծի ընդունումը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավոր բոլոր միջավայրերում եւ հարթություններում կանխարգելենք եւ արգելենք քրեական ենթամշակույթի որեւէ դրսեւորում եւ տարածում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ քրեական մշակույթը, ըստ էության, պետության հիմքերը խարխլող երեւույթ է, այն հատուկ է հիմնականում հետխորհրդային երկրներին: Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետք է ձերբազատվի պախարակելի, պետությունը քայքայող, պետության հետ կապ չունեցող երեւույթներից: Անգամ եթե այդ քայլերն ունեն քաղաքական մեսիջի նպատակ, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ չի կարելի հանրային մուլտիպլեքսով «գողական» ֆիլմեր ցույց տալ, հանցագործ աշխարհի մասին ռոմանտիզացված հաղորդումներ նկարել եւ այդպես շարունակ»,- ամփոփելով քննարկումը՝ շեշտել է Արթուր Հովհաննիսյանը:

Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: