Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023․ ի՞նչ դիրքում է Հայաստանը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այս պահին Մեդիա կենտրոնի ուղիղ եթերում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացնում է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը և թե որ դիրքում է Հայաստանն այդ սանդղակում:

 

2023 թ․ Կոռուպցիայի ընկալման համաթիվ․ Արդարադատության համակարգերի թուլացումը կոռուպցիան դարձնում է անվերահսկելի

Կառավարություններին հիմնականում չի հաջողվում կանգնեցնել կոռուպցիան

 

Բեռլին, հունվարի 30, 2024թ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ պետությունների մեծ մասը քիչ կամ ոչ մի առաջընթաց չի գրանցել հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում: ԿԸՀ արժեքի համաշխարհային միջինը տասներկուերորդ տարին անընդմեջ մնում է անփոփոխ՝ 43։ Պետությունների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթվի արժեքները 50-ից ցածր են, ինչը վկայում է կոռուպցիոն լուրջ խնդիրների առկայության մասին:

Համաձայն Օրենքի գերակայության համաթվի՝ աշխարհում արդարադատության համակարգերի արդյունավետությունն անկում է ապրում։ Այս համաթվով ամենացածր միավորներ ունեցող երկրները նմանապես ԿԸՀ շատ ցածր միավորներ ունեն՝ ընդգծելով հստակ կապը արդարադատության հասանելիության և կոռուպցիայի միջև: Ե՛վ ավտորիտար վարչակարգերը, և՛ ժողովրդավար առաջնորդները՝ խաթարելով արդարադատությունը, նպաստում են կոռուպցիայի անպատժելիության աճին և, որոշ դեպքերում, նույնիսկ խրախուսում են այն՝ օրինախախտների համար վերացնելով հետևանքները: Նրանց գործողությունների ազդեցությունն ակնհայտ է բոլոր երկրներում՝ Վենեսուելայից (ԿԸՀ 13 միավոր) մինչև Տաջիկստան (ԿԸՀ 20 միավոր):

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է.

«Կոռուպցիան կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ արդարադատության համակարգերը չեն կարողանում պատժել ապօրինությունը և վերահսկել կառավարություններին: Երբ արդարադատությունը գնվում է կամ նրա նկատմամբ քաղաքական միջամտություն է տեղի ունենում, տուժողը ժողովուրդն է լինում։ Առաջնորդները պետք է իրենց ուժերը լիովին ներդնեն՝ երաշխավորելու համար այն ինստիտուտների անկախությունը, որոնք պահպանում են օրենքը և պայքարում կոռուպցիայի դեմ: Ժամանակն է վերջ տալ կոռուպցիայի անպատժելիությանը»։

 

Կոռուպցիայի իրավիճակն աշխարհում

 

ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

 

§ Դանիան (ԿԸՀ 90 միավոր) վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում է համաթվի դասակարգման աղյուսակը, որին հաջորդում են Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 87 և 85 միավորներով: Արդարադատության լավ գործող համակարգերի շնորհիվ այս երկրները նաև Օրենքի գերակայության համաթվով առաջատարների թվում են:

§ Սոմալին (11 միավոր), Վենեսուելան (13 միավոր), Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը ( 13 միավոր) և Եմենը (16 միավոր) զբաղեցնում են համաթվի դասակարգման աղյուսակի վերջին տեղերը: Այս բոլոր երկրները տուժում են ձգձգվող ճգնաժամերից, հիմնականում զինված հակամարտություններից:

§ 23 պետություն, որոնց թվում՝ որոշ բարձր ԿԸՀ արժեք ունեցող ժողովրդավարություններ, ինչպիսիք են Իսլանդիան (ԿԸՀ 72 միավոր), Նիդեռլանդները (79 միավոր), Շվեդիան (82 միավոր) և Միացյալ Թագավորությունը (71 միավոր), ինչպես նաև որոշ ավտորիտար պետություններ, ինչպիսիք են Իրանը (24 միավոր), Ռուսաստանը (26 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) և Վենեսուելան (13 միավոր), այս տարի գրանցել են իրենց ԿԸՀ պատմական նվազագույն արժեքը:

§ 2018 թվականից ի վեր 12 պետությունների ԿԸՀ արժեքները զգալիորեն նվազել են: Ցանկում ներառված են ինչպես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ, ինչպիսիք են Սալվադորը (31միավոր), Հոնդուրասը ( 23 միավոր), Լիբերիան (25 միավոր), Մյանման ( 20 միավոր), Նիկարագուան ( 17 միավոր), Շրի Լանկան ( 34 միավոր) և Վենեսուելան (13 միավոր), այնպես և միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներ, ինչպիսիք են Արգենտինան (37 միավոր), Ավստրիան (71 միավոր), Լեհաստանը (54 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Միացյալ Թագավորությունը ( 71 միավոր):

§ Միևնույն ժամանակ, ութ երկրներ բարելավել են իրենց ԿԸՀ արժեքը։ Այդ երկրներն են՝ Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան ( 63 միավոր), Հայաստանը ( 47 միավոր), Վիետնամը ( 42 միավոր), Մալդիվները ( 40 միավոր), Մոլդովան ( 39 միավոր), Անգոլան ( 33 միավոր) և Ուզբեկստանը ( 31 միավոր):

 

Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս ԿԸՀ 2023 էջի հղումը։

 

Կոռուպցիան և անարդարությունը

 

Անկախ, թափանցիկ և պատշաճ ծավալի միջոցների տիրապետող դատական մարմինները և իրավապահ կառույցներն առանցքային նշանակություն ունեն

կոռուպցիան զսպելու գործում: Իր հերթին, արդարադատության համակարգերի վրա քաղաքական իշխանության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի այլ ձևերի ազդեցության կանխումը, էական նշանակություն ունի նրանց արդյունավետությունն ապահովելու համար:

 

· Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի (36 միավոր) հսկայական մարտահրավերներ դարձան վերջինիս կառավարման և ենթակառուցվածքների համար՝ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը: Այնուամենայնիվ, Ուկրաինան շարունակեց իր ԿԸՀ 11 տարվա աճը՝ կենտրոնանալով արդարադատության համակարգի բարեփոխումների վրա, ներառյալ՝ դատական ինքնակառավարման մարմինների վերակառուցումը, դատական անկախության մակարդակի բարձրացումը և հակակոռուպցիոն դատախազության կարողությունների հզորացումը: Չնայած այս բարեփոխումներին, իշխանության բարձր մակարդակներում կոռուպցիոն դեպքերի զգալի թվի առկայությունը շարունակում է մնալ մտահոգիչ:

· Գվատեմալայի (33 միավոր) ԿԸՀ անկումն իրար հաջորդող երեք կառավարությունների՝ կոռուպցիոն գործարքների մեջ նրանց ներգրավվածության արդյունքն է։ Դատախազությունը և դատական համակարգը օգտագործվել են իրենց կոռուպցիոն գործունեության համար վերնախավերին անպատժելի թողնելու և թիրախավորելու նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում կոռուպցիայի դեմ: Արդյունքում պետությունը մնաց առանց կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողությունների:

· Աֆրիկայում արդարադատության համակարգերում կոռուպցիայի և հարակից խնդիրների դեպքերը բազմաթիվ են՝ ընդգրկելով այնպիսի երկրների արդարադատության համակարգերում կաշառակերության, շորթման և քաղաքական միջամտության մասին զեկույցներ, ինչպիսին է, օրինակ, Նիգերիան (25 միավոր): Բուրունդիում (20 միավոր) եղել են դատավորների բանտարկության, իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ( 22 միավոր)՝ դատարաններ բերված գործերի արդյունավետ քննության բացակայության դեպքեր։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին արդարադատության համակարգերի համար ապահովել անկախություն, ռեսուրսներ և թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ պատիժ նշանակելու և իշխանության նկատմամբ վերահսկողություն և հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր և օրենքներ, որոնք կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել կոռուպցիոն գործողություններից և թիրախավորել դրանք։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը նշում է.

 

«Կոռուպցիան էլ ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը և անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել պատնեշները և ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է արդար և ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք է արդարադատության նկատմամբ»:

 

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

 

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։