Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը. Փաշինյան (տեսանյութ)

https://a1plus.am/hy/article/467521 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին: