Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է եւ համարվում է պետության կարեւորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաեւ պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Այս մասին հունվարի 10-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կազմվել է ԱԺ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հաշվեքննիչ պալատի համատեղ երկարատեւ աշխատանքի արդյունքում եւ ունի բազմաթիվ համահեղինակներ: Բարեփոխումներն իրականացնելու հիմք են հանդիսացել ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները:

Մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ, եւ հաշվեքննության կազմակերպմանը վերաբերող խիստ ընթացակարգային հարցերը ՀՊ-ի ներքին իրավական ակտերով կարգավորելու հնարավորություն ընձեռել: Առաջարկվում է ամրագրել բյուջետային մուտքերի, ընդերքօգտագործողների, ԿԲ-ի, հանրային սեփականության հավատարմագրային կառավարիչների, պետական միջոցներ ստացած իրավաբանական անձանց գործունեությունը հաշվեքննելու՝ Հաշվեքննիչ պալատի մանդատը: Նախատեսվում է հասանելիություն ապահովել օրենքով սահմանված գաղտնիքներին եւ անհատական տվյալներին՝ միեւնույն ժամանակ նախատեսելով պատասխանատվություն այդ տեղեկատվության օգտագործման համար, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի, գործադիր, աուդիտի, էթիկայի, որակի հսկողության կոմիտեների ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներդնել: Որակավորված մասնագետների համար շուկայականին համահունչ վարձատրության հնարավորություն կնախատեսվի, աուդիտորական բնագավառին բնորոշ պաշտոնների դասակարգման եւ դրանց ներկայացվող որակական պահանջների եւ հաշվեքննության հետհսկողության մեխանիզմներ կներդրվեն՝ որպես Հաշվեքննիչ պալատի առաջարկները կյանքի կոչելուն եւ քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունները խթանելուն միտված գործիքակազմ:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար Հաշվեքննիչ պալատին բժշկական գաղտնի տեղեկատվության տրամադրումը: Հարցին ի պատասխան՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ բժշկական ոլորտում հաշվեքննությունների բացակայության պատճառով հիմնավոր կասկածներ կան, որ ոլորտին տրամադրվող գումարների մի մասն անհետանում է, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջանում տիրապատել այն տեղեկատվությանը, թե ինչի վրա են ծախսվում պետական բյուջեի միջոցները:

«Հանրության եւ պետության վճարած գումարները պետք է վերահսկելի լինեն, որպեսզի որեւէ ԲԿ աշխատակից չմտածի՝ կարող է բժշկական գաղտնիքի հետեւում թաքնվելով չնախատեսված օգտագործել պետական միջոցները»,- հիմնավորելով օրենքի նախագծի դրույթը՝ ասել է Գեւորգ Պապոյանը:

Քննարկվող թեմային անդրադարձել է նաեւ Հաշվեքննիչ պալատի նախագահը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գործող օրենքով էլ ՀՊ համապատասխան պաշտոնյաներին հասանելի է այն պետական գաղտնիքը, որին ըստ օրենքի՝ հասանելիություն ունեն այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք:

«Նախագիծը Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունն իրականացնելու նախադրյալ ստեղծելու մասին է, որովհետեւ Սահմանադրությամբ բացառիկ դեպք է, երբ ստեղծված է մարմին, որին հանձնարարված է իրականացնել պետական եւ համայնքային բյուջեի միջոցների, ինչպես նաեւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել՝ ՀՊ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ է, որ կառույցը հասանելիություն ունենա գաղտնի տեղեկատվությանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարակից զեկույցում հայտնել է, որ նախագծի վերաբերյալ գործադիրի առաջարկները հաստատվել են քիչ առաջ՝ Կառավարության հերթական նիստում: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքով նախանշված նպատակադրումներն ընդունելի են գործադիրի համար, բայց կան որոշակի դիտարկումներ, որոնք ռիսկեր են պարունակում:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանն էլ առաջարկով է հանդես եկել, ըստ որի՝ հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծի մասով աշխատանքային քննարկում տեղի կունենա, որից հետո հանձնաժողովի հերթական նիստում քվեարկության կդրվի նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նիստի ընթացքում քննարկված հաջորդ նախագծով ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը առաջարկել է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար նախատեսել որոշակի բացառություններ՝ գործընթացն ավելի արդյունավետ, հոսուն, ճկուն, ինչպես նաեւ նպատակամետ դարձնելու համար:

Կառավարության ներկայացուցչի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդիրը գործադիրին առաջարկներ չի ներկայացրել, ուստի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 4 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է հանձնաժողովի նիստում: