Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան»` եզրափակիչ խաղի ֆավորիտ

Սպորտ
8ed314fda166336db8ba99f23d801539

Այսօր հայտնի կդառնա ֆուտբոլի Հայաստանի գավաթի հոբելյանական` 20-րդ խաղարկության հաղթողը: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Միկան» եւ Գյումրիի «Շիրակը»:

Առաջինը 6-րդ անգամ անմիջականորեն կպայքարի պատվավոր մրցանակի համար, ընդ որում` նախորդ 5 եզրափակիչներում (2000, 2001, 2003, 2005, 2006 թթ) միկացիները միմիայն հաղթանակներ են տարել: «Շիրակը», հակառակը, 3 անգամ մտնելով եզրափակիչ, մշտապես պարտված է թողել խաղադաշտը (1993,1994, 1999 թթ):

Հարկ է նշել, որ թիմերի համար սույն հանդիպումը կրկնակի նշանակություն ունի, քանի որ հաղթողը ոչ միայն կտիրի գավաթին, այլեւ Եվրոպայի լիգայի մրցաշարի ուղեգիր կնվաճի:

Գավաթի եզրափակիչ հանդիպումները ընդհանրապես մեծ իրադարձություն են համարվում ֆուտբոլային երկրներում: Սակայն դա չի վերաբերում Հայաստանին, քանի որ մեր մոտ այդ խաղերը հիմնականում անցնում են աննկատ, առանց որեւէ աժիոտաժի, հիմնականում կիսադատարկ մարզադաշտում, չնայած խաղի մուտքն անվճար է: Հանդիպումներից առաջ չեն կազմակերպվում մամուլի ասուլիսներ, թիմերը նախախաղային մարզումներ չեն անցկացնում այն մարզադաշտում, որտեղ կայանալու է հանդիպումը:

Այս տարի «Շիրակ» ակումբը փորձում է որոշակի հետաքրքրություն առաջացնել խաղի հանդեպ: Մասնավորապես` այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջոցով կկազմակերպվի Գյումրի - Երեւան չարտերային գնացք, որի օգնությամբ գյումրեցի երկրպագուները կժամանեն մայրաքաղաք, իսկ եզրափակիչի ավարտից հետո նույն գնացքով կվերադառնան Գյումրի։

Նշենք, որ գավաթի եզրափակիչը սկսվելու է 20։00-ին: «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակն այդ խաղի ֆավորիտ է համարում «Միկային», որի հաղթանակը հավասար է 2,30 գործակից, «Շիրակի» 2,50-ի դիմաց: