Էլինա Դանիելյանը առաջին միավորը կորցրեց
Թբիլիսիում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց վրացուհի Բելա Խոթենաշվիլու հետ: Նա վաստակեց 3,5 միավոր եւ չորս տուրից հետո բաժանում է 2-4-րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստուհին կհանդիպի միանձնյա առաջատար Վիկտորիա Չմիլիտեի (Լիտվա) հետ, որը իր ակտիվում ունի 4 միավոր:
Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք մրցեցին համապատասխանաբար ռուսաստանցի Անաստասիա Սավինայի եւ ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ: Նրանք 3-ական միավորով բաժանում են 5-29-րդ հորիզոնականները:
Իսկ ահա նախորդ երկու տուրերում հաղթանակներ տարած Աննա Հայրապետյանն այս անգամ պարտվեց իր մրցակցին եւ կրկին նահանջեց աղյուսակում: Այժմ նա 56-րդն է առաջնությունում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքար են մղում 26 երկրների 132 շախմատիստուհիներ: Առաջնություն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։