Բացել լրահոսը Փակել լրահոսը
11f59f27-b69b-4d0b-ba68-862ca245d450
A A
Սպորտ

ՀՖՖ նախագահական ընտրություններ. բոյկոտներ, սկանդալներ, պայմանավորված խաղեր և այլն

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կկայանա ՀՖՖ 24-րդ համաժողովը, որի ժամանակ կլինի նաև նախագահի ընտրություն: Իսկ ինչպես են նախկինում ընտրվել ՀՖՖ նախագահները:

 

1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, քանի որ ԽՍՀՄ-ը վերջնականապես դադարեցրեց իր գոյությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հունվարին համաժողով հրավիրեց: Այն որոշում կայացրեց անցկացնել Հայաստանի անկախ առաջնություն: ՀՖՖ նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը, որ մինչ այդ Խորհրդային Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն էր:

 

Հայաստանի անդրանիկ առաջնությունն ավարտվեց սկանդալով, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ բուն չեմպիոնը: «Շիրակը» և Երևանի ՀՄԸՄ-ը վաստակել էին հավասար քանակությամբ միավոր, ունեին գնդակների նույն տարբերությունը: Որոշվեց անցկացնել լրացուցիչ խաղ չեմպիոնին պարզելու համար, բայց այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ: ՀՖՖ-ն երկու թիմերին էլ ճանաչեց չեմպիոն, այնպես, ինչպես դա արել էին հեռավոր Ուզբեկստանում: 1993 թվականին Հայատանի չեմպիոն և գավաթակիր դարձավ «Արարատը», որն այդ տարի նշում էր «Արարատ-73»-ի հաղթանակների 20-ամյակը: 1994-ի առաջնությունը դարձյալ սկանդալով ավարտվեց, քանի որ երկար ժամանակ չէին որոշվում 2-3-րդ տեղերի մրցանակակիրները: Առաջնության վերջում մի քանի խաղեր չկայացան: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի ակումբներն անվստահություն հայտնեին Նիկոլայ Ղազարյանին:

 

1994թ դեկտեմբերի վերջում անցկացվեց ՀՖՖ արտահերթ համաժողով, որում Նիկոլայ Ղազարյանը հրաժարական տվեց: Նոր նախագահ դարձավ «Արարատ-73»-ի նրա խաղընկեր Արմեն Սարգսյանը, որը մինչ այդ «Արարատի» նախագահն ու գլխավոր մարզիչն էր:

 

Արմեն Սարգսյանի օրոք ֆեդերացիան նախ փոխեց առաջնության անցկացման ձևաչափը և 1995 թվականին գարուն-աշուն տարբերակից անցավ աշուն-գարնան: Սակայն 1997-ին դարձյալ վերադարձավ նույն գարուն-աշնանը: 1997թ անցկացրած միջանկյալ, անցումային առաջնությունում, ծագեց նոր սկանդալ: Այդ մրցաշարում հաղթեց նորաստեղծ «Երևան» թիմը, որին, ըստ որոշ աղբյուրների, ստեղծել և հովանավորում էր հենց ֆեդերացիան: Դա էլ պատճառ դարձավ, որ 1998 թվականին կատաղի պայքար սկսվեց առաջատար ակումբների և ՀՖՖ-ի միջև: Արմեն Սարգսյանն ի վերջո տեղի տվեց և հրաժարական ներկայացրեց:

 

Նախագահական նոր ընտրություններին թեկնածուների պակաս պարզապես չկար: Սակայն, շատերի համար անսպասելի ՀՖՖ նախագահ ընտրվեց այդ ժամանակվա Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը: Նրա տեղակալ է նշանակվում Արարատի «Ցեմենտ» ակումբի սեփականատեր Աբրահամ Բաբայանը: «Ցեմենտը» շատ արագ դառնում է հայկական ֆուտբոլի դրոշակակիրը, երկու անգամ դառնում է չեմպիոն, տիրում գավաթին: 1999 թվականին թիմը սկանդալային խաղում հաղթում է «Շիրակին» և գրավում առաջին տեղը, սակայն ֆեդերացիան ընդունում է մրցավարների թույլ տված սխալներըը և վերախաղարկում հանդիպումը: Այն ավարտվում է ոչ-ոքի և «Շիրակն» արդարացիորեն հռչակվում է չեմպիոն:

 

1999թ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Սուրեն Աբրահամյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ներքին գործերի նախագահն էր, զրկվում է իր պաշտոնից: Դրանով թուլանում է նրա դիրքերը: 2001թ առաջնության մեկնարկին մի շարք առաջատար թիմեր անվստահություն են հայտնում ՀՖՖ նախագահին և բոյկոտում են խաղերը: Սուրեն Աբրահամյանն որոշում է առաջնությունն անցկացնել այն թիմերով, որոնք պաշտպանում են իրեն: Սակայն հետո տեղի է տալիս ճնշումներին և փոխում է իր որոշումը: Նա բացում է բարձրագույն լիգայի «դռները», որից օգտվում են վերաբացված Երևանի «Փյունիկն» ու Աբովյանի «Բանանցը», որոնք հայտնվում են մասնակիցների թվում: Առաջնության չեմպիոն է դառնում «Փյունիկը»: Հաջորդ տարի առաջատար ակումբները շարունակում են անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին, որն այլևս ոչ մի աջակցություն չուներ կառավարության կողմից: Նա ստիպված հրաժարական է տալիս:

 

Անցկացվում է ՀՖՖ արտահերթ նոր համաժողով: Նախագահի պաշտոնի համար պայքար են մղում «Փյունիկի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը և «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանը: Բացահայտ առավելությամբ նախագահ է ընտրվում գործարար Ռուբեն Հայրապետյանը: Վերջինիս օրոք «Փյունիկը» 9 տարի շարունակ դառնում է չեմպիոն: Նրա առաջին լուրջ որոշումներից մեկը կայանում է նրանում, որ Արկադի Անդրեասյանը ճանաչվում է հայկական ֆուտբոլի «անցանկալի անձ», իսկ Երևանի «Արարատն» ընդհանրապես հեռացվում է առաջնություններից, անգամ թույլ չի տրվում հանդես գալ 1-ին լիգայում:

 

Ռուբեն Հայրապետյանի ժամանակ սկանդալները չեն սահմանափակվում միայն ներքին առաջնություններով: 2003 թվականին Եվրոպայի 2004թ առաջնության Հայաստան – Հունաստան ընտրական խաղից հետո նա անձամբ հայտարարում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանն իրեն առաջարկել է 1 մլն դոլար կաշառք խաղը հանձնելու համար: Տարիներ անց նա Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներին մեղադրեց Ալբանիայի հետ խաղն վաճառելու մեջ:

 

Ինչևէ: Ռուբեն Հայրապետյանի օրոք սկանդալներն անպակաս էին, սակայն նա մինչև 2018 թվականը հաջողությամբ հաղթահարում էր բոլոր արգելքներն ու խնդիրները և անընդհատ վերընտրվում է իր պաշտոնում: Բայց երբ տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», Ռուբեն Հարյապետյանը կորցրեց իր պետական աջակցին՝ հանձինս Սերժ Սարգսյանի: Նրա վրա ավելի շատ քաղաքական ճնշումներ էին գործադրում, իսկ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու պահանջ ներկայացնում էին ֆուտբոլասերներն ու ... «Շիրակը»: Վերջինիս 2018 թվականին Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էր խաղեր գնելու մեջ, որի համար թիմից հանվել էր 12 միավոր: Արդյունքում, «Շիրակը» զրկվել էր չեմպիոնի կոչումից: Այս սկանդալից հետո բնականաբար մեծացավ նաև ֆուտբոլային անվստահությունը նրա նկատմամբ:

 

Ռուբեն Հայրապետյանը նույնպես տեղի տվեց և հրաժարական ներկայացրեց, սակայն նա պայման դրեց, որ դա կանի միայն այն դեպքում, եթե ֆեդերացիայի նախագահ նշանակվի ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանը: Այդպես էլ եղավ, 2018թ սեպտեմբերի 22-ին նախագահի պաշտոնի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը գլխավորեց ֆեդերացիան: Սակայն, նրա կառավարումը կարճ է տևում, քանի որ ամիսներ անց հեռացվում է ԱԱԾ պետի պաշտոնից, իսկ 2019-ի նոյեմբերի 21-ին նա հրաժարական է ներկայացնում արդեն ՀՀՖ նախագահի պաշտոնից:

 

2019 թվականի դեկտեմբերի 23-ին անցկացվում է ՀՖՖ հերթական արտահերթ համաժողովը: Թեկնածուները երեքն էին՝ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը և «Լոռի ՖԱ» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Խորեն

Հովհաննիսյանը վերջին պահին հանում է իր թեկնածությունը՝ սատարելով Արմեն Մելիքբեկյանին: Ձայների 13-7 հարաբերությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

 

Այսօր կայանալիք ընտրություններում թեկնածուները դարձյալ երկուսն են: Դա գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը վերջերս շտապ կարգով ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, որպեսզի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին: Թե ինչպես կավարտվի ՀՖՖ նախագահական հերթական ընտրությունը, պարզ կդառնա այսօր: