Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը գրեթե ավարտվել է․ Վահան Քերոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով: Այս մասին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առեւտրաշրջանառության 37 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներին: ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն այս ամիսների ընթացքում աճել են 66 տոկոսով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 20 տոկոսով: 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների 40 տոկոսը կամ շուրջ 800 մլրդ դրամ բաժին է ընկնում միայն ՌԴ-ին: 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ է այցելել 1,8 մլն զբոսաշրջիկ, որոնցից 47,4 տոկոսը՝ ՌԴ-ից:
«ԵԱՏՄ շրջանակում ՀՀ մակրոտնտեսական այս ցուցանիշների ներկայացումը պատահական չէ, թեպետ դրանց դինամիկան գոհացուցիչ է, միեւնույնն է, մեր գնահատականներով առկա են աճի ռեզերվներ, որոնք եւս կարող են օգտագործվել: Այդպիսի ռեզերվներ գոյություն ունեն հատկապես գործարար միջավայրում առկա կապերի ընդլայնման, միության անդամ երկրներում պոտենցիալ ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման եւ փոխադարձության սկզբունքով այդպիսի ծրագրերի իրականացման համատեքստում»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը: Քննարկվել է «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրումը» հարցը: Այն ենթադրում է միեւնույն անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում եւ մեկ միասնական հարթակում ներկայացում: Հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով: Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներում ներդրումների հետգնման ժամկետներով: Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձեւաչափը կսահմանի Կառավարությունը: «Այն կարող է մեր երկրում ապահովել հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղական արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ տնտեսական հավելյալ աճով»,- մանրամասնել է Վաղարշակ Հակոբյանը:
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի տնտեսությունը դառնա ավելի բարդ, ներդրումային ծրագրեր իրականացվեն, մեզ համար ողջունելի է այս նախաձեռնությունը»,- կարեւորելով նախաձեռնած քննարկումը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մշակվող արդյունաբերության ոլորտում գործարկվելու է Կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը՝ ընդգծելով, որ ծրագրի մշակման ընթացքում Հայաստանը մեծ դերակատարում է ունեցել: «Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ իրար հետ համագործակցում են արդյունաբերական որեւէ ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր բյուջեից ծախսելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավվող ֆինանսական ռեսուրսների զգալի մասը: Այն ծրագրերը, որոնք մենք կարող ենք ֆինանսավորել ոչ թե երկրի բյուջեով, այլ՝ ԵԱՏՄ համագործակցության բյուջեով, կտանենք այդ տիրույթ»,- մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը նշել է, որ Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը գրեթե ավարտվել է: Նրա խոսքով արդյունաբերական պարկը, որ նախատեսվում է կառուցել Գյումրիում, շատ հարմար հարթակ կլինի նաեւ քննարկվող ծրագրի համար:
ՀՀ ԱԺ