Եթե ռեւանշ պիտի լինի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր․ Գեւորգ Պապոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ռևանշիզմը բացառող երաշխիքներ են պետք։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանը անտրամաբանական է համարում այդ հայտարարությունները։
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու։ Եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր։
Պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ամրապնդվի, տևական և երկար ժամանակ այստեղ պետություն ու պետականություն լինի, անկախություն լինի, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով, և խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այնքան անհրաժեշտ է մեզ»,- ընդգծեց Պապոյանը։
Պատգամավորը խաղաղության պայմանագրի կնքումից հետո պատկերացնում է Հարավային Կովկասում բոլոր մակարդակներում ինտեգրացիա, տնտեսական հարաբերությունների զարգացում, բարգավաճում, կենսամակարդակի էական ավելացում։
«Մեր պատկերացրած խաղաղությունը նման բան (ռևանշիզմ-խմբ․) չունի»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա Հայաստանի չլինելու ուղիղ ճանապարհ է։
«Եվ կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որ Հայաստան լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Եվ մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում», -եզրափակեց Պապոյանը։