Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արհեստական բանականության կենտրոնից մինչեւ ՀՀՌՑ-ին ունեցած պարտք (տեսանյութ)

Վարչապետին է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները: Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի: Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները: Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի: Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն: Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։ Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը: