Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Մենք չգնացինք տեռորի ճանապարհով, որովհետև սիրո հեղափոխություն էր, խոստացել էինք՝ վենդետա չի լինելու (տեսանյութ)

ՀՀ-ում բոլորն օրենքի առաջ հավասար են, և սա կառավարության, խորհրդարանական մեծամասնության ու անձամբ իմ քաղաքական կամքն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման նախորդ փուլերում անդրադարձել եմ մի շարք ռազմավարական ուղղություններով տեղի ունեցող զարգացումներին: Այսօր ուզում եմ անդրադառնալ արդարադատությանը, որի ռազմավարական նշանակությունը նույնպես հնարավոր չէ գերագնահատել:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է՝ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք:

Բայց ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այդ ակնկալիքներն իրականացված չեն, արդյոք նշանակո՞ւմ է, որ կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին և արժեքներին: Որքան էլ տարօրինակ թվա, այս հարցին պատասխանելուց առաջ, նախ պետք է պատասխանել մեկ ուրիշ հարցի՝ ի՞նչ է արդարությունը, արդարադատությունը, ինչպե՞ս է այն արտահայտվում կամ ինչպե՞ս պետք է արտահայտվի:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն, այսինքն՝ հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու, այդ թվում՝ գույքերի բռնագանձման, ընդհուպ՝ կոնկրետ անձանց կոնկրետ ձևերով պատժելու վերաբերյալ, այն, ինչ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր: Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով մի պարզ պատճառով՝ մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն ու խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու:

Սա կարևոր նրբություն է, որովհետև ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ: Ու բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս էինք և ենք պատրաստվում իրականացնել այդ, կարող է թվալ իրար հակասող, երկու պարտավորությունը՝ վենդետաներ չանել ու երկրում հաստատել արդարություն:

Ահա, այստեղ է, որ սկզբունքային նշանակություն է ստանում առաջին հայացքից պարզունակ թվացող հարցը՝ ի՞նչ է արդարությունը, ինչպե՞ս և որտե՞ղ է որոշվում արդարությունը կամ արդարադատությունը:

Մեր մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը՝ արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա: Ասել է, թե արդարությունն ինստիտուցիոնալ երևույթ է, և իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել: Հակառակ դեպքում՝ մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը: Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Արդարությունն ինստիտուցիոնալ երևույթ է: Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ, չի կարող լինել այդպիսին: Բայց այստեղ է, որ ծագում է հաջորդ կարևոր հարցը՝ իսկ կառավարությունը որևէ բան արե՞լ է կամ ի՞նչ է անում, որ Հայաստանում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն:

Այս հարցի պատասխանը նույնպես տալիս է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:

2018 թվականի համեմատ, 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է: 2024 թվականին այդ միտումն ավելի կընդգծվի: Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձն էականորեն բարձրացել է արդեն իսկ բավական բարձր բազայի վրա: Իսկ Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից: Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, և այս իրավիճակն ավելի կընդգծվի 2024 թվականին: Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է: Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոսով: Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է: 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ Հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով:

Քննիչների աշխատավարձն էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր: Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը: Այս բոլոր որոշումները կայացրել է կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, և այս որոշումները կայացրել ենք արդարադատության ինստիտուցիոնալ էության ու դատական համակարգի էության իդեալներին հավատալով: Այս որոշումների վերաբերյալ կառավարության նիստերում ելույթներ ունենալով հայտարարել եմ, որ աշխատավարձերի բարձրացումն իրականացնում ենք ոչ այնքան դատավորների, դատախազների, քննիչների, որքան քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները, քննիչները ծառայություն են մատուցում քաղաքացիներին, մարդկանց, հանրությանը: Հենց նրանք են, որ պետք է իրականացնեն ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն: Ես հավատում եմ և տեսնում եմ, որ մեծ ջանքեր են գործադրվում, բայց և Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում, ու սա լրջագույն պրոբլեմ է, բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային և օբյեկտիվ պատճառներ: Այսինքն՝ այդ ընկալման բացակայությունը:

Դրանց մի մասի մասին արդեն իսկ հրապարակային խոսել եմ, բայց պիտի կրկնեմ, որ օրինակ, աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները, և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս՝ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ: Քավ լիցի, թե ով ձերբակալվեց՝ այլևս ազատության մեջ չպետք է հայտնվի: Բայց իմ ընկալումն այն է, որ քննչական և օպերատիվ մարմիններն իրենց գործունեությունը լուսաբանելիս պիտի սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:

Քննչական մարմիններն ու դատախազությունը կառավարությանը, Ազգային ժողովին, հանրությանը հաշվետու լինելիս պետք է ոչ թե հենվեն այն վիճակագրության վրա թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ քանի գործով է դատավճիռ կայացվել, որովհետև վիճակագրության ընթացիկ մեթոդաբանությունը լավ պատկերացում տալիս է շարժման մասին, հայց պատկերացում չի տալիս արդյունքների

մասին: Պիտի առաջարկեմ Ազգային ժողովի և կառավարության մեր գործընկերներին, որ համապատասխան կարգավորումներում արվեն փոփոխություններ՝ կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացվող զեկույցներում կամ հաղորդումներում այս տրամաբանությունը սահմանելու մասին, որովհետև սա է, որ պետք է ցույց տա մեր քննչական մարմինների, դատախազության, դատարանների աշխատանքի որակն ու խորությունը:

Սա է, որ պիտի պատասխանի՝ երկրում արդարություն և արդարադատություն կա՞, թե՝ ոչ: Մյուս կողմից խորը խնդիրներ ունենք դատական համակարգում: Երբեմն տպավորություն է, թե դատավարությունները կարող են տևել հավերժ ու սրանում չափազանցություն չկա: Կան իրավաբաններ, ովքեր սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում, ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, և այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքներն ո՞վքեր պետք է պաշտպանեն, հանրությունը, որ բազում գործերով ճշմարտությունն իմանալու իրավունք ունի՝ մարդկանցից չէ՞ բաղկացած, կամ դատավարությունների անհարկի ձգձգումները Հայաստանի Հանրապետությունում մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը: Եվ որպես մի մարդու, ով նախաձեռնել է 2019 թվականին դատարանների մուտքերի շրջափակելու ակցիան՝ սա դառն արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել ենք արդարադատության դռները բացելու համար: Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն: Ի՞նչ է պետք անել ուրեմն:

Իմ համոզմունքը շարունակում է լինել այն, որ մեր անելիքը պետք է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Մենք պետք է կենդանի պահենք արդարության և արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պիտի պահեք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ: Այս գործընթացում էական է Ազգային ժողովի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան:

5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վերջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում: Ինչպես գիտեք, հեղափոխությունից հետո ձևավորել ենք 3 ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով: Ընդ որում, հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին: Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: 2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել: Հիմա արդեն փոքր՝ մինչև 5 մլն դրամ գումարի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց

դատարանին ծանրաբեռնելու: Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը և չավարտված ու փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից:

Վարչական, քաղաքացիական և սնանկության վարույթներում առավել շատ դեպքեր հնարավոր կլինի գործերը քննել գրավոր ընթացակարգով՝ արագ և արդյունավետ, առանց փոքր հարցերով նիստ վարելու: Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահվել է դատավորների օգնականներին, ինչի արդյունքում կարագանա փաստաթղթերի սխալների շտկումը և պատշաճ հայցերի հարուցումը: Նախատեսվում է դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հարցերից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր դրամական գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիական և վարչական դատավարությունը: Սրանք քայլեր են, որ մեր դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա և կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա: Եվ որպես արդյունք՝ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը վստահաբար արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, և այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից:

 

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Այս առումով, անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով: Բայց պիտի նաև արձանագրեմ՝ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար: Այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության բոլորովին նոր ինստիտուտներ են ներդրվել: Օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ֆինանսավորումը 2018 թ.-ի կամ Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համեմատ աճել է 443 տոկոսով: 2024 թ.-ին՝ այս ցուցանիշը կդառնա 566 տոկոս: Ներդրվել են հայտարարագրման և բարեվարքության գնահատման նոր համակարգեր, որոնք գտնվում են զարգացման գործընթացի մեջ, և այս աշխատանքը պետք է շարունակել:

Արդեն խոսեցի Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մասին, խոսեցի նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի ձևերը վերանայելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Մի բան ակնհայտ է և սրա մասին ուզում եմ հայտարարել ևս մեկ անգամ՝ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան,

բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են, և սա կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իմ քաղաքական կամքն է: Բայց այս քաղաքական կամքն իրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարգեր, շարունակել այդ գործընթացը, պատասխանատվության համակարգեր, որ քննիչի, դատախազի, դատավորի սուբյեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա: Իմ զգացողությունն այն է, որ մեզ դեռևս չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել, ու որքան էլ տրիվիալ հնչի, այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ, այն փոփոխության, որի մասին մենք վերջին շրջանում խոսում ենք՝ «հայրենիքը պետություն է» հայեցակարգի շրջանակներում:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ`եղի՛ր օրինապահ:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ` հաղորդի՛ր հանցանքի մասին:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ կաշառվիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ գողացիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ`մի՛ կեղծիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ կաշառիր:

 

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

 

Կարծում եմ` վերջին հինգ տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, բավարար, այդ թվում` կադրային լուծումների գնացել, որպեսզի ակնկալելու իրավունք ունենա, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ, և հետևաբար գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է:

2024 թ. պետական բյուջեն շարունակում է Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը որպես ինստիտուտ ուժեղացնելու գործընթացը: Նաև այս պատճառով կոչ եմ անում կողմ քվեարկել 2024 թ. պետական բյուջեի նախագծին: Շնորհակալ եմ»: