Հայաստանի պատանի 7 բռնցքամարտիկ մտավ եզրափակիչ. աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանից հանդես եկան 10 հոգի:
Առաջինը ռինգ մտավ մեր միակ աղջիկ բռնցքամարտիկը՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը: Նա տեխնիկական նոկաուտով հաղթեց Տայպեյի ներկայացուցիչ Սին-էլ Շենին և մտավ եզրափակիչ:
Այնուհետև պայքարի բռնվեցին մեր տղաները: 46 կգ քաշային Առնո Դարչինյանը 4:1 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Աբդուրախմոն Մախմուդջանովին: 52 կգ քաշային Արեն Խառատյանը բոլոր առումներով գերազանցեց բուլղարացի Յանկո Մետոդիևին՝ 5:0:
Կիսաեզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեց նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը կամային հաղթանակ տարավ ուզբեկ Ակբար Ահմադովի նկատմամբ՝ 4:1: Վաղարշակ Քեյանը 48 կգ քաշային կարգում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ ղազախ Նիգման Նիգմեթի նկատմամբ:
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանի մրցակիցը Հունգարիան ներկայացնող Դոմինիկ Գումբաին էր: Մեր մարզիկը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին: 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը Հորդանանը ներկայացնող Մոհամեդ Զիդեհին նույնպես հաղթեց տեխնիկական նոկաուտով:
Այդպիսով, Հայաստանի 7 բռնցքամարտիկ մտավ եզրափակիչ և կպայքարի չեմպիոնության համար: Մարտերը կկայանան դեկտեմբերի 3-ին: