Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+liga
A A
Սպորտ

«Արսենալը» ջախջախեց «Լանսին» և մտավ փլեյ-օֆֆ, «Ինտերը» ետ բերեց 3 գնդակ. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 5-րդ տուրի վերջին խաղերը:

 

Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեց ֆրանսիական «Լանսին», վաստակեց 12 միավոր և մտավ փլեյ-օֆֆ: Նույն խմբում հանդես եկող Նիդառլանդների ՊՍՎ-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ իսպանական «Սևիլյայի» նկատմամբ և նույնպես ուղեգիր նվաճեց, քանի որ նրան հասնելու շանս ունեցող «Լանսը» զիջում է անձնական հանդիպումներում:

 

Մյունխենի «Բավարիան» չեմպիոնների լիգայում վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ սեփական դաշտում գրավել մրցակցի դարպասը և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց: Գերմանական ակումբի հաղթարշավը ընդհատեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենը», որը թուրքական «Գալաթասարայի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարում է 2-րդ ուղեգրի համար:

 

Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» տոնեց հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ սեփական դաշտում 4:2 հաշվով պարտության մատնելով Իտալիայի չեմպիոն «Նապոլիին»: Այդպիսով, իսպանական ակումբը «Մանչեսթեր Սիթիից» հետո դարձավ երկրորդ թիմը, որը դեռ միավոր չի կորցրել խմբային փուլում: «Նապոլին» խմբի երկրորդ ուղեգիրը կվիճարկի վերջին տուրում պորտուգալական «Բրագայի» հետ խաղում:

 

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Լիսաբոնում գոլառատ ոչ-ոքի խաղաց տեղի «Բենֆիկայի» հետ՝ 3:3, ընդ որում առաջին խաղակեսից հետո իտալական ակումբը զիջում էր 0:3 հաշվով: Մեր ֆուտբոլիստն այս անգամ խաղաժամանակ չստացավ:

 

«Ինտերն» արդեն նվաճել է 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր: Վերջին խաղում միլանցիները սեփական դաշտում կընդունեն իսպանական «Ռեալ Սոսիեդադին», որը նույնպես մտել է փլեյ-օֆֆ: Այդ խաղը կկայանա դեկտեմբերի 12-ին: