Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը քայլը կկատարի Լեւոն Արոնյանը

Սպորտ
0d52f44234f8f12aa0bf618111d2d02c

Այսօր Երեւանի ժամանակով 16:00-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցեն 8 գրոսմայստերներ, այդ թվում նաեւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Մրցաշարը կանցկացվի երեք փուլով, նոկաուտ մրցակարգով: Քառորդ եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն հետեւյալ զույգերը. Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Վեսելին Թոպալով (Բուլղարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ)
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Վիճակահանությամբ մեր շախմատիստը առաջին պարտիայում հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Հավելենք, որ Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Վլադիմիր Կրամնիկ - Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ:

Մրցաշարի խաղային օրերն են. քառորդ եզրափակիչ` մայիսի 5-9, կիսաեզրափակիչ` մայիսի 12-16 , եզրափակիչ` մայիսի 19-21, 23-26: Առաջին փուլում եւ կիսաեզրափակիչում մասնակիցները կանցկացնեն 4-ական, իսկ եզրափակիչում 6-ական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողները կորոշվեն թայբրեյքում (արագ շախմատի 4 պարտիա, հավասարության դեպքում` 10 կայծակնային պարտիա, իսկ վերջում` շախմատային «Արմագեդոն»):

Մրցաշարի հիմնադրամը կազմում է 420 հազար եվրո: Գլխավոր մրցավարը սինգապուրցի Իգնասիուս Լեոնգն է: Բոլոր հանդիպումները սկսվելու են Երեւանի ժամանակով 16։00-ին։

Հավակնորդների մրցաշարի հաղթողը 2012 թ 12 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ` շախմատի թագին տիրելու համար: