Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կբարելավվի շրջիկ առևտրի պահանջարկը, կբարձրացվի շրջիկ առևտրի կետերի շրջանառությունը (տեսանյութ)

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նիստի օրակարգի շրջանակում ծավալվել է քննարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգր­քում լրա­ցում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերա­բերյալ Հայաս­տա­նի Հանրապե­տ­ության կառավարու­թյան օրենսդրական նախաձեռնության շուրջ: Արդյունքում հարցը օրակարգից հանվել է՝ լրացուցիչ քննարկումների նպատակով:

 

Կառավարության որոշմամբ, սահմանվել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի:

       

      Որոշման ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջը՝ մասնավորապես՝ կսահմանվի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը։

 

Վարչապետն այս թեմայի շրջանակում նշել է. «Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում բռնություն կիրառած անձի նկատմամբ: Այսինքն՝ որոշակի դեպքերում և սահմանված կարգով, որոնցից մեկը, օրինակ, բռնության ենթարկված մարդուն կամ բռնության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է, այսինքն՝ նրան մոտենալու կամ նրա բնակության վայրին մոտենալու որոշակի արգելքը և սահմանափակումը: Իհարկե, սա գործնականում կիրառել առանց տեխնիկական միջոցների՝ շատ դժվար է, և մենք, երբեմն, նման իրադրությունների ականատես ենք դառնում, երբ մեր իրավապահ մարմինները պատշաճ արագությամբ չեն արձագանքում:

 

Ուստի այս որոշումը կարևոր է նրանով, որ էլեկտրոնային եղանակով արդեն կարող ենք այդ հեռավորության ապահովումը ստուգել, և դա չապահովելու պարագայում արդեն Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ՝ սա շատ կարևոր կարգավորում է: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային այս սարքերը սկսել ենք կիրառել տարբեր նպատակներով, հիմա նաև Պրոբացիայի ծառայության կողմից է կիրառվում: Նաև գիտեք, որ 2023 թվականից տնային կալանքը մտավ որպես խափանման միջոց»:

 

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչպիսին է պրակտիկան տնային կալանքի կիրառման դեպքում, ինչին ի պատասխան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Այս տարվա հունվարի 1-ից սկսեց կիրառվել տնային կալանքը: Պրոբացիայի ծառայությունն արդեն ձեռք է բերել շուրջ 300 սարքավորում, և բավականին նորմալ աշխատում է»: Արդարադատության նախարարը հավելել է, որ հուլիսից արդեն սկսել է կիրառվել վարչական հսկողությունը:  Կարևորելով այս հանգամանքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս համակարգը պետք է լրջորեն զարգացնել: «Վերջերս նաև շատ բովանդակային քննարկում ենք ունեցել, կան առաջարկներ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենսդրության բարեփոխումների, լավարկումների վերաբերյալ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-հավելել է կառավարության ղեկավարը:

 

 

Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

 

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմանը:

 

Նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը: Համատեղությամբ աշխատանքի մասին դրույթի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսուցիչների արձանագրած արդյունքի համար նրանց խրախուսելու, դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման սկզբունքը պահելու, ուսուցիչների վարձատրությունը բարելավելու նպատակահարմարությամբ: Դասավանդվող առարկաների ցանկը անհրաժեշտ է ամբողջացնել:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ որոշմամբ, այս փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար ավելի գրավիչ և դյուրին։ «Ասեմ, որ նաև քայլեր են ձեռնարկվել ատեստավորման գործընթացի թվայնացման ուղղությամբ՝ հաջորդ տարի արդեն այս տրամաբանությամբ գործընթացը կազմակերպելու նպատակով։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած և 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչը ևս կունենա դրույքաչափի փոփոխություն՝ առանց հավելավճարի: Կարգավորումը կկիրառվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած, և նախորդ տարիներին ատեստավորված լինելու և 60-69 % արդյունք ունենալու պարագայում ուսուցչի վարձատրության վերահաշվարկ չի լինելու, և դրույթը տարածվելու է միայն տվյալ և հետագա տարիների վարձատրության վրա:   Երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ գրանցած, բայց չատեստավորված և վերաատեստավորված, ատեստավորմանը մասնակցած 50-59 % արդյունք ապահոված ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու հաջորդ ատեստավորմանը: Համատեղությամբ աշխատող և հավելավճար ստացող ուսուցիչը կունենա նաև դրույքաչափի փոփոխություն:  Համատեղությամբ աշխատող ուսուցիչների մասին դրույթի լավարկման արդյունքում վարձատրության մեխանիզմը կնույնացվի հիմնական աշխատավայրում կիրառվող սկզբունքի  հետ, որը դրական ազդեցություն կունենա ուսուցչի վարձատրության վրա»,- ասել է նախարարը:

 

Այս կարգավորման  շնորհիվ ատեստավորման արդյունքով առարկայական իմացության բարձր ցուցանիշ արձանագրած մասնագետը շահադրդված կլինի մնալ համակարգում, կրթել ավելի շատ թվով սովորողների:

 

Թեմայի շրջանակում վարչապետը, լրացուցիչ պարզաբանելով, հավելել է. «Ատեստավորման գործընթացում մենք մի քանի շեմեր էինք սահմանել: Քննության արդյունքներով 60 տոկոս և բարձր ցուցանիշ ցույց տված ուսուցիչները համարվում էին ատեստավորված և շարունակում են համարվել ատեստավորված, բայց աշխատավարձի բարձրացում ունենում էին այն ուսուցիչները, ովքեր 70 տոկոս և ավել արդյունք են ցույց տվել, այսինքն՝ համապատասխանաբար 30 տոկոս, 40 տոկոս և 50 տոկոս բարձրացում աշխատավարձի։ 70 և ավել տոկոս հավաքած ուսուցիչների պարագայում, ոչ միայն այդ 30 տոկոսներն էր ավելանում, այլև դրույքաչափը 125000 դրամից միջինում դառնում էր 200000 դրամ։ Կրկին ուզում եմ հիշեցնել՝ 60-70 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները համարվում էին ատեստավորված, բայց նրանց աշխատավարձի մեջ փոփոխություն տեղի չէր ունենում։ Միակ առավելությունը, որ նրանք ստանում էին, հաջորդ պարտադիր ատեստավորումից իրենք ազատվում էին։

 

Հիմա մենք, քննարկելով և վերլուծելով իրադրությունը, եկանք հետևյալ եզրակացության և առաջարկեցինք, որ 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների դրույքաչափը բարձրանա` դառնալով 200000 դրամ, բայց լրացուցիչ հավելումներն այս պարագայում նրանք չեն ստանա, կստանան երբ 70, 80, 90 տոկոսները հետագայում կամավորության հիմունքներով հաղթահարեն։ Այսօրվա որոշման ընդունման պարագայում սա նշանակում է հետևյալը, որ այն ուսուցիչները, որոնք արդեն  իսկ տեղի ունեցած և առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդյունքում 60-69 տոկոս արդյունք կարձանագրեն, 2023թ. հոկտեմբերից կստանան դրույքաչափի, ըստ էության, կրկնապատկում։

 

Մյուս կարգավորումներն էլ արդեն համապատասխանաբար ավելի ենք լավարկում: Սրա նպատակն է քաջալերել մեր հարգելի ուսուցիչներին, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն։ Այնուամենայնիվ նրանք, ովքեր ատեստավորման շեմն անցել են` աշխատավարձի էական փոփոխություն կարձանագրվի նրանց համար»:

 

 

Լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ

 

Չզեկուցվող հարցերի փաթեթով, գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ  են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ: 

 

Առաջարկվում է որոշումների շրջանակներում շահառու չհամարել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձանց, ինչպես նաև վճարումներն ամբողջությամբ կազմակերպել անկանխիկ եղանակով: Որոշմամբ կարգավորվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և նրանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ Իրավական ակտի կիրառման դեպքում լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, զեկուցելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն ուղղված «Հումանիտար կենտրոնի» աշխատանքների վերաբերյալ` նշել է. «Նախ ներկայացնեմ, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության մասով այս պահի դրությամբ արդեն իսկ 104 200 մարդու վճարվել է, որից` 75 725-ը չափահաս, 28 475-ը` անչափահաս։ Այսօր նաև մենք 500 մլն դրամ հատկացում ենք անում վճարումները շարունակելու համար։ Մշակված ունենք 3800 դիմում, բացի այդ նաև 800 անձի տվյալ ենք ստացել ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության գործընկերներից։ Նրանք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո բուժառության և կրթության նպատակով Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, որոնց տվյալները նույնպես կմշակենք և կտրամադրենք։ Ըստ էության, այս վճարմամբ շուրջ 108 800 անձի վճարում առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք։ Վճարումները նաև շարունակվելու են 40 հազար և պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում` կոմունալ և բնակվարձի ծախսերը հոգալու համար։ 99 820 անձի արդեն իսկ վճարում իրականացվել է։

 

Նաև սկսել ենք ստանալ նոյեմբեր ամսվա դիմումները։ Այս պահի դրությամբ ունենք 68 475 դիմումներ, բացի այդ այսօրվանից գործարկվում է 50 հազար դրամ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սպառողական ծախսերի համար աջակցության էլեկտրոնային հարթակը։ Մենք քննարկումներ ենք ունեցել նաև Կենտրոնական բանկի և բանկերի միության մեր գործընկերների հետ, և նախնական պայմանավորվածությամբ` արդեն 2 բանկ կա, որ պատրաստակամություն է հայտնել 75 պլյուս և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց կանխիկով վճարումներն անկանխիկ դարձնել։ Այսինքն` քարտերը թողարկել և առաքել բնակության հասցեներ։ Առցանց հարթակում արդեն իսկ, երբ քաղաքացիները դիմում ներկայացնեն, այնտեղ կլինի, եթե ունի բանկային քարտ` կնշի, որ ունի, եթե չունի` պատուհանը կբացի այն գործընկերներ բանկերի տվյալները, որ բանկից ուզում է անձը ստանալ, և մենք արդեն տվյալները կփոխանցենք բանկերին, որից հետո կթողարկվի։ Այսինքն` 50 հազարներն ամբողջությամբ անկանխիկ եղանակով կտրամադրենք, և դեկտեմբեր ամսից սկսած նաև 40+10-ի դիմումները, երբ կստանանք արդեն ամբողջությամբ` կրկին կանցնենք անկանխիկի»:

 

Քննարկում է ծավալվել աջակցության ծրագրերի ցուցակներում շահառու չհանդիսացող անձանց հետ կապված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշել է. «Մեր խնդիրը հետևյալն է՝ րոպե առաջ գումարը հասցնել կարիքավորներին: Եթե այդ կարիքավորների մեջ ոչ կարիքավոր երեք մարդ էլ է ստացել, մենք մեր խնդրից չենք շեղվել, որովհետև հազարավոր կարիքավորներին օգնելն է մեր նպատակը: Մնացած ամեն ինչն արձանագրված է, անկանխիկ է, և կարելի է հանգիստ առանց շտապելու այդ հարցերը պարզաբանել»:

 

3 մլրդ 262 մլն դրամ կհատկացվի մի շարք մարզպետարանների աշխատակազմերին՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

 

Չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը որոշում է կայացրել  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի n 2111-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, սյունիքի, Վայոց Ձորի  և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին: 

 

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար  3,262,245.0 հազար ՀՀ դրամ  հատկացնել համապատասխան մարզպետարանների աշխատակազմերին։ Որոշման արդյունքում կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:

 

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. «Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում Ապարան խոշորացված համայնքի  Երնջատափ, Ջրամբար, Արագած, Քուչակ, Արայի բնակավայրերի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, որոնք ավարտվել են։ Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազիֆիկացում, որն 90%-ով արված է։ Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի, Աղձք, Արուճ, Ագարակ, Անտառուտ, Ավան, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուշի, Ուջան, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, ծրագիրն ընթացքի մեջ է և այս պահի դրությամբ 70%-ն է իրականացված։ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցում, ծրագիրն 90%-ով իրականացված է։ Թալին համայնքի Ծաղկասար, Մաստարա բնակավայրերի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում: Այս տարի ծրագիրն ավարտվել է։ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան և Վեդի բնակավայրերի փողոցների ասֆալտապատում: Ծրագիրը 80%-ով արված է։ Արարատ համայնքի Երասխ բնակավայրում մարզադպրոցի կառուցում: Արված է աշխատանքների 70%-ը։ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի գազաֆիկացում: Իրականացված են աշխատանքների 80%-ը։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Կոմիտասի 2ա, Խանջյան 26, 28, 62 և Շահումյան 22, 67 շենքերի տանիքների վերանորոգում: Կատարված է աշխատանքների 65 %-ը։ Արմավիրի  մարզ Խոյ  համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում: Ավարտված է ծրագիրը։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի վերակառուցում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Շիրազի փողոցի 1 հասցեի մանկապարտեզի և Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի 14 հասցեի մանկապարտեզի բակի բարեկարգում: Արված է աշխատանքների 70 %-ը։ Գեղարքունիքի  մարզ, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում և նորոգում: Ավարտված է ծրագիրը։ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու նոր  ջրագծի և կապտաժի կառուցում: Աշխատանքների 90 %-ը արված է։ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման աշխատանքներ: Աշխատանքների 75 %-ը արված է։ Լոռու մարզ, Տաշիր համայնքի Տաշիր, Լեռնահովիտ, Կաթնառատ, Սարատովկա բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով՝ 16,8 կմ է արված: Աշխատանքների 90 %-ը արված է։ Մենք նաև Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում դպրոցի կառուցումն ենք ավարտել: Առաջիկայում մի հարմար առիթով կայցելենք անպայման և տեսնենք թե ինչպես են արվել աշխատանքները։ Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում: Ձեռք են բերվել մեքենաները։ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացում, Գորկու, Իսակով, Գագարին, Միասնիկյան, Րաֆֆու, Գայի, Պարույր Սևակ, Վարդանանց, Տերյան, Աբովյան, Խանզադյան, Պուշկին փողոցների լուսավորության ցանցի կառուցում: Աշխատանքների 95 %-ն արված է։ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի տանիքի կապիտալ նորոգում և շենքի մասնակի նորոգում: 85 %-ով է արված աշխատանքը։ Ֆիոլետովո համայնքի կոյուղագծի կառուցում: 80 %-ով է արված աշխատանքը։ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում: 65 %-ով է արված աշխատանքը։ Փամբակ համայնքի Բազում բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի հիմնանորոգում՝ որպես մշակույթի կենտրոն: 95 %-ով է արված աշխատանքը։ Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն բնակավայրի է Տոռոզյան և  Շաս Սյուր Ռոնի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքի 98 %-ն արված է։ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 3-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված է ծրագիրը։ Նաիրի համայնքի Զովունի, Եղվարդ, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Զորավան և Բուժական բնակավայրերի  փողոցային լուսավորության համակարգի  կառուցման և նորոգման աշխատանքներ: 90 %-ը արված է աշխատանքի։ Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրեի  փողոցային լուսավորության ցանցի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Ախուրյան համայնքի  Երազգավորս  բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների, Ախուրյան բնակավայրի Շահբազյան  փողոցի ասֆալտապատում: Աշխատանքների 95 %-ը արված է։ Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի կոյուղագծերի և սեպտիկ հորի կառուցում: Ծրագիրը ավարտված է։ Կապան համայնքի Կապան բնակավայրի Հալիձոր թաղամասի թիվ 6, թիվ 8, թիվ 15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ, Սպանդարյան փողոցի թիվ 7 և թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում խաղահրապարակների և մարզադաշտերի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում: Աշխատանքներն արված են 76 %-ով։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Վայոց ձորի մարզում Վայք համայնքի Բարձրունի բնակավայրի ոռոգման ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են։ Վայք համայնքի Գոմք բնակավայրի ոռոգման  ցանցի կառուցման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են։ Ջերմուկ համայնքի Ջերմուկ և Կեչուտ բնակավայրերի գերեզմանատների բարեկարգում, Ջերմուկ բնակավայրի Ձախափնյակ 7 և 22 շենքերին կից աստիճանների հիմնանորոգում, Ջերմուկ համայնքի աղբամանների տեղակայման վայրերի բարեկարգում: Ծրագիրն ավարտված է։ Տավուշի մարզում Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիներն սպասարկելու համար 2 հատ ավտոբուսի  ձեռքբերում: Ավտոբուսները ձեռք բերված են։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի  Մյասնիկյան, Գետափնյա, Շահումյան, Շամախյան փողոցների թվով 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 80 %-ը։ Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի 1-ին փողոցի տուֆապատում: Կատարված է աշխատանքների 85 %-ը։ Դիլիջան համայնքի  Դիլիջան բնակավայրի «Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում: Ծրագրի  80 %-ն է ավարտված։ Բերդ համայնքի Բերդ բնակավայրի կենտրոնական զբոսայգու և Մաշտոցի պողոտայի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգում, «Հերոսների պուրակ»-ի կառուցում, հարակից տարածքի բարեկարգում: Աշխատանքների 90 %-ը կատարված է։ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի և ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգերի կառուցում, աշխատանքները ավարտված են: Ընդհանուր առմամբ, կրկնեմ, 3 մլրդ 262 մլն դրամի աշխատանքներ ենք ֆինանսավորում»։

 

 

Անհրաժեշտ պայմաններ կապահովվեն անկանխիկ վճարումների համակարգին անցում կատարելու համար

 

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝  պոս (pos)  տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:

 

Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ  է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված գույքագրման և անհրաժեշտ ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ տեղեկատվության ստացման արդյունքում ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար:

 

 

Կբարելավվի շրջիկ առևտրի պահանջարկը, կբարձրացվի շրջիկ առևտրի կետերի շրջանառությունը

 

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

 

Նախագծերի փաթեթի հիմ­­նական նպատակներն են՝ շրջիկ առևտրի պահանջարկի բարելավումը,  շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաև համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առա­ջարկվում է՝ հիշյալ առևտրային գործունեության տեսակի համար հաստատել իրավական հիմք ոչ միայն Երևան, այլ նաև ՀՀ մյուս համայնքների համար: Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է իրավական հիմք ստեղծել շրջիկ առևտրի զարգացման և կանոնակարգման համար:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զար­գաց­ման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

 

Կառավարությունը հավանություն է տվել «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերա­­բերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենս­դրական նախաձեռ­նությանը։ Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները մշակույթի  բնագավառում:

 

Գործադիրը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում՝ 1. կապահովվի Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, 2. ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները կկանոնակարգվեն առավել հստակ՝ հաշվի անելով ազգային անվտանգության մարմիններում ծա­ռայության բնույթն ու առանձնահատ­կությունները, ինչպես նաև ազգային անվտան­գության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարևորությունը, 3. ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերի փոխհատուցումը կիրականացվի առավել հասցեական, ինչի արդյունքում կապահովվի պետական բյուջեի միջոցների արդյունավետ տնօրինումը:

 

Միջազգային համագործակցություն

 

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։

 

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոց­ներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ելնելով ՀՀ 2023 թվականի պետական ​​բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝ պետական ​​պարտքի կառավարման 2023-2025 թվականների ռազմավարական պլանի և ՀՀ կառավարության 2022-2026թթ․ պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրի նպատակներին համապատասխան մշակվել է 2023թ փոխառության տարեկան ծրագիրը։ Ընդհանուր առմամբ՝ ծրագիրն ուղղված է 2023թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը, միաժամանակ ներառելով ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումներ, որոնց կյանքի կոչումը ոչ պակաս կարևորություն ունի: