Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մինչև հունվարի 1-ը գովազդները պետք է համապատասխանեցվեն նոր չափորոշիչների (տեսանյութ)

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն  ավագանու սահմանած նոր չափորոշիչներին: Հատուկ տնտեսվարողների համար Երևանի քաղաքապետարանը մշակել է ուղեցույց:  
 «Մեր նպատակն է, որ քաղաքի մաքրվի խեղդող գովազդներից և ավելի ներկայանալի դառնա», - նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Շենքերի վրա փակցվող գովազդն առաջին հերթին պետք է չխաթարի շենքի ճարտարապետական արտաքին տեսքը: Չեն լինի նաև վազող տողերը, կտորե ու ստվարաթղթե  ինքնակպչուն  պաստառները: 

Գովազդը շենքին կարող է լինել հորիզոնական դասավորված, ուղղահայաց տառերով և առանց հետնամասի հարթակի: Ցուցափեղկերին՝ չծածկի մակերեսի 75 %-ը և չպարունակի կոնտակտային տվյալներ: Տանիքներին գովազդը թույլատրելի է, եթե շենքը առնվազն 4 հարկանի է: Սրանք չափորոշիչների միայն մի մասն են, ամբողջական ցանկը տեղադրված է Yerevan.am կայքում:

Նոր չափորոշիչներով արգելվել են նաև քաղաքում գովազդային մեծ՝ 3/6 չափի վահանակները: Բաղրամյան պողոտայում դրանք արդեն ապամոնտաժված են: Այս օրերին բոլոր տնտեսվարողները ծանուցվում են, նախազգուշացվում: Զուգահեռաբար ապամոնտաժվում են առանց թույլտվության տեղադրված գովազդները: Միայն հոկտեմբերին 312 գովազդ է ապամոնտաժվել:

Քաղաքապետարանը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր տնտեսվարողի, միայն թե համատեղ ուժերով վերականգնվի քաղաքի արտաքին տեսքը:  Չփոփոխված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները հունվարի 1-ից քաղաքապետարանն ստիպված կլինի ապամոնտաժել: