Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 50000 դրամ (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ «Այսօր նոյեմբերի 9-ն է, և ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր բոլոր քույրերի և եղբայրների հիշատակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

 

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Կարևոր դիտարկում՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային

հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

 

Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով կներկայացվի մեկանգամյա դիմում՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Առաջարկվում է վճարումներն իրականացնել բանկերի միջոցով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ քարտային հաշիվներ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող շահառուների համար ընտրված բանկերի միջոցով ապահովել քարտերի թողարկումը և շահառուի բնակության վայր առաքումը։ Որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 10 միլիարդ դրամ:

 

Վարչապետը հետաքրքրվել է նաև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի ընթացքից, որի վերաբերյալ Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել: «Միանվագ աջակցության ծրագրի շրջանակում 104 200 անձի արդեն վճարումն իրականացված է, նրանցից չափահաս է 75 725-ը, անչափահաս՝ 28 475-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ որոշ տվյալներ դեռևս գտնվում են մշակման փուլում:

 

Կառավարության որոշմամբ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 500 մլն դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Գումարը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Միջոցառման շրջանակում շահառուներին կցուցաբերվի սոցիալական աջակցություն՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: ՀՀ պետբյուջեից արդեն հատկացվել է 4.45 մլրդ դրամ՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել բոլոր շահառուներին տրամադրելու համար:

 

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շահառու չհանդիսանալու հարցը՝ միաժամանակ սահմանելով վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության ստացման մեխանիզմներ։

 

Կհստակեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը

 

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը: Առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս

աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով։

 

Օրինագծերի փաթեթը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և նշել. «Մենք դեռևս հոկտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշում կայացրեցինք: Այդպիսով՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից իրենք Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե չէ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ և նպաստ: Սակայն հստակեցնելու համար կենսաթոշակի և նպաստի իրացման որոշակի ընթացակարգեր, անհրաժեշտություն առաջացավ պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները, Կառավարության կողմից սահմանված լիազորությունները: Մենք կստեղծենք նաև էլեկտրոնային հարթակ, որի համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր արդեն Լեռնային Ղարաբաղում ունեցել են այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով դա կընդունենք ի գիտություն և կսկսենք կենսաթոշակների այդ իրավունքն իրացնել: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, այսինքն՝ մենք արդեն կունենանք լիազորություն մեր օրենքով սահմանված բոլոր այդ չափանիշներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ: Իսկ երբ հարթակ գործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մայրության նպաստի համար, խնամքի նպաստի և կենսաթոշակների համար»:

 

Նախարարն ընդգծել է մեկ կարևոր արձանագրում՝ անհրաժեշտ է, որպեսզի վերոնշյալ անձինք գրանցված լինել Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում: «Այսինքն՝ հաշվառման, քաղաքացիության հետ սա չպետք է շփոթել, շատ կարևոր է, որպեսզի որևիցե հասցեում անպայման գրանցված լինեն: Դիմումների համար կրկին կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում 49-ն են և որոնց հասցեները բազմիցս մենք հրապարակել ենք, տեղյակ են: Սրանք հիմնական կարգավորումներն են, որ մենք այս օրենքի փոփոխությամբ արագացված ընթացակարգով կներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է Նարեկ Մկրտչյանը:

 

Օրինագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը հանձնարարել է գործընթացի որոշ նրբություններ քննարկել լրացուցիչ աշխատանքային կարգով՝ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: