Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capturեռեռեe
A A
Հասարակություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման զեկուցը հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում

 

Նախաբան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։

Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում[1]։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։

 

Հավաքների ընդհանուր նկարագրությունը

2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին դիտարկված հավաքների ճնշող մեծամասնությունը այս կամ այն կերպ կապված էին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հումանիտար ճգնաժամի առաջացման, իսկ սեպտեմբերի 19-ից սկսած՝ ռազմական լայնածավալ հարձակման, արցախահայերի բռնի տեղահանման և դրա հետևանքների հետ։

Նշված ժամանակահատվածում դիտարկված հավաքների մեծ մասը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբի պարագայում կազմակերպիչների և մասնակիցների պահանջները ուղղված էին միջազգային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ, ապահովել հումանիտար բեռների տեղափոխում Արցախ, դատապարտել Ադրբեջանի գործողությունները և այլն։ Հավաքների կազմակերպիչները հիմնականում նոր և նախկինում ձևավորված քաղաքացիական նախաձեռնություններն էին, ինչպես «Բացումը», Unblock.am-ը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ձևավորված «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը և այլն։

Հավաքների երկրորդ խմբի պարագայում հասցեատերը ՀՀ իշխանություններն էին, իսկ հիմնական պահանջը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից։ Մոտեցումների տարբերություններով՝ իշխանափոխության նպատակով հավաքներ են կազմակերպել Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ), ինչպես նաև Ադրբեջանական հարձակումից հետո խորհդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից ստեղծված «Ազգային կոմիտե» նախաձեռնությունը։ Իշխանափոխության պահանջը պայմանավորված էր 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում կրած պարտությունով և դրա հետևանքներով, ինչպես նաև Արցախյան հարցից Հայաստանի իշխանությունների աստիճանաբար հրաժարումով։ Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված հարձակման ընթացքում Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել[2], ինչը խթանեց վերջինիս հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի հերթական ալիքի բարձրացմանը։  

Սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո, քաղաքացիների հոծ բազմություն հավաքվեց ՀՀ կառավարության նստավայրի առջև և հավաքը ինքնաբուխ շարունակվեց մինչև հաջորդ օրը։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների մի մասին միջև։ Որոշ ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ նետեցին պլաստիկ շշեր և այլ առարկաներ, տեղի ունեցավ հրմշտոց, ինչին ոստիկանությունը արձագանքեց լուսաձայնային նռնակների կիրառմամբ՝ ուղիղ ցուցարարների բազմության վրա։ Հավաքին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից հայտարարվեց բողոքի գործողությունները համակարգելու և Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժում սկսելու նպատակով «Ազգային կոմիտե» ստեղծելու մասին[3]։ Շարժման ղեկավարները կոչ էին անում իրականացնել գործադուլներ և դասադուլներ, կազմակերպում և մասնակիցներին կոչ էին անում ինքնուրույն կազմակերպել խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ նշելով անցկացման համար օրվա որոշակի ժամեր և որոշակի վայրեր, այնուհետև հիմնական հանրահավաքներ հրավիրում Հանրապետության հրապարակում։ Շարժումը առավելագույն մասնակցության հասավ սեպտեմբերի 25-ին՝ հրապարակում հավաքելով մոտ 7000 մասնակից, որից հետո աստիճանաբար նվազեց մինչև սեպտեմբերի 30-ը և բողոքի գործողությունները դադարեցին։

Սեպտեմբերին տեղի ունեցած ընդդիմադիր հավաքների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ միջադեպեր և բախումներ մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանության կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, բազմաթիվ բռնություններ, հարյուրավոր հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին, տասնյակ ցուցարարներ կալանավորվեցին, նրանց նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր։ Այս ամենը ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից Արցախի գրավմամբ, ամբողջական հայաթափմամբ և 100․000-ից ավելի արցախահայերի Հայաստանի Հանրապետություն տեղահանմամբ։    

Հավաքների դիտարկումների արդյունքները

2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 93 հավաք՝ Երևանում։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որին նախորդող քարոզարշավի ընթացքում դիտարկվել են մասնակից ուժերի հիմնական հավաքները։ Ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող նախաձեռնությունների և ակտիվիստների կողմից բացահայտվել են քարոզարշավի ընթացքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) կողմից ֆինանսական և վարչական ռեսուրսների կիրառմամբ հավաքների և երթերի մասնակիցների ներգրավման բազմաթիվ փաստեր, որոնց անդրադարձ է կատարվում սույն զեկույցի նախավերջին բաժնում։

Հավաքների կարգավիճակը

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված հավաքների մեծ մասի պարագայում մասնակիցների թիվը չի գերազանվել 100-ը, որի պարագայում իրազեկում ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել։ Արցախի շրջափակման ընթացքում Լաչինի միջանցքից մարդկանց առևանգումների, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում անցկացվել են ինքնաբուխ և շտապ հավաքներ։

Իրազեկված են եղել Ազատության հրապարակում ԱԺԲ կողմից կազմակերպված հավաքները։ Ինչպես նախորդ ժամանակահատվածում, ԱԺԲ կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացվել էին իրազեկումներ՝ հաշվետու ժամանակահատվածի գրեթե բոլոր օրերին հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ[4]։ Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկում էր ներկայացրել նաև ՀՅԴ-ն։ ԱԺԲ-ն հանրահավաքին ընդառաջ տարածել էր հայտարարություն, ըստ որի «Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը[5]»։

Օգոստոսի 30-ին Ազատության հրապարակում ԱԺԲ կողմից կազմակերպած հավաքը։

Հավաքների կազմակերպիչները

Հավաքների մեծամասնության պարագայում կազմակերպչի դերում հանդես են եկել ինչպես նախկինում, այնպես էլ նոր ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունները՝ արձագանքելու Լաչինի միջանցքի արգելափակմանը և Արցախի շրջափակմանը, իսկ սեպտեմբերի 19-ից հետո՝ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի և ճգնաժամի հետ կապված այլ իրադարձություններին։ Առավել ակտիվ էին «Բացում» նախաձեռնությունը, որը հավաքներ, քննարկումներ և պիկետներ է կազմակերպել Ազատության հրապարակում, ՄԱԿ-ի գրասենյակի և մի շարք դեսպանատների առջև։ Մի շարք հավաքներ են կազմակերպվել ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից «Մենք Արցախն ենք» նախաձեռնության շրջանանկներում։ Հավաքներ են կազմակերպվել նաև Unblock.am, «Արժանապատվության շարժում», «Կանայք հանուն Արցախի» և այլ նախաձեռնությունների շրջանակներում՝ համանման օրակարգով։

   

Ձախ նկարում՝ օգոստոսի 7-ին «Բացում» նախաձեռնության իրականացրած պիկետը ՀՀ ԱԳՆ առջև։ Աջ նկարում՝ սեպտեմբերի 24-ին Unblock.am նախաձեռնության պիկետը ՄԱԿ գրասենյակի առջև։  

Կուսակցությունների և վերջիններիս կազմած միությունների կողմից կազմակերպվել են 22 հավաքներ։ Դրանցից տասը կազմակերպվել են ԱԺԲ-ի, 4-ը ՀՀԿ և վերջինիս երիտասարդական կազմակերպության, իսկ մեկը ՀՅԴ-ի կողմից։ Սեպտեմբերի 21-ից մինչև 30-ը ընկած ժամանակահատվածում հավաքներ են կազմակերպվել մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ձևավորած «Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից։

ԱԺԲ հանրահավաքը Ազատության հրապարակում օգոստոսի 17-ին։

Հասարակական կազմակերպություններից հավաքներ են կազմակերպել «Հանուն Հադրութի», «Առողջության իրավունք», «Որդիների կանչ», «Խաչակիրներ» և «Ազատազէն» ՀԿ-ները։ Յուրաքանչյուրից դիտարկվել է մեկական հավաք։

Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածներում, հուլիս սեպտեմբեր ամիսներին շարունակվել են 2020 թ․ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատների, ինչպես նաև 2023 թ․ Ազատ գյուղում զոհված ինժեներասակրավորային վաշտի զինծառայողների ծնողների կողմից կազմակերպված հավաքները։  Շրջափակման ընթացքում մի շարք հավաքներ են կազմակերպվել Արցախի բնակիչների՝ ՀՀ-ում գտնվող հարազատների, ինչպես նաև ուսման նպատակով ՀՀ-ում գտնվող Արցախցի երիտասարդների կողմից։ Հավաքներից մեկը կազմակերպվել է Փաստաբանների պալատի ակումբի կողմից։ Մեկական հավաք է դիտարկվել հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչների, ինչպես նաև հագուստի առևտրով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված։

Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի

Դիտարկված հավաքների մեծամասնության պարագայում հավաքների կազմակերպիչների և մասնակիցների պահանջները եղել են հումանիտար բնույթի, որոնք կազմակերպվել էին նոր և նախկինում ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունների, ակտիվիստների, ՀՀ-ում ուսում ստացող արցախցի երիտասարդների և այլ խմբերի կողմից (47 հավաք)։ Նշված հավաքների ընթացքում միջազգային կազմակերպություններին և ընդհանրապես միջազգային հանրությանը ներկայացվում էին Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հումանիտար օգնություն հասցնելու, Ադրբեջանի կողմից առևանգված արցախահայերին վերադարձնելու, իսկ սեպտեմբերի 19-ից սկսված՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները դատապարտելու, հումանիտար միջանցքի տրամադրման և առհասարակ արցախահայության իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պահանջներ։

 

Ձախ նկարում՝ հուլիսի 20-ին Արցախին պարենով ապահովելու պահանջով «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության իրականացրած պիկետը ՄԱԿ-ի առջև։ Աջ նկարում՝ սեպտեմբերի 30-ին Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերևարված մյուս հայերի աջակցության նպատակով կազմակերպված երթը։

Քաղաքական բնույթի պահանջներ են բարձրացվել դիտարկված հավաքներից 29-ի պարագայում։ Նշված հավաքների կազմակերպիչների և մասնակիցների հիմնական պահանջը գործող իշխանությունների հրաժարականն էր՝ պայմանավորված վերջիններիս կողմից Արցախի և արցախահայության առջև կանգնած սպառնալիքներին ոչ պատշաճ արձագանքելու և Արցախյան հարցից հրաժարվելու հետ։ Դրանցից էին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԱԺԲ կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 21-ից «Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքներն ու երթերը։

Սեպտեմբերի 24-ին «Ազգային կոմիտե» նախաձեռնության հավաքը Հանրապետության հրապարակում։

Դիտարկված հավաքներից 9-ի պարագայում բարձրացվում էին իրավական բնույթի պահանջներ։ Նշվածներից էին ԱԺԲ անդամների կողմից հուլիսի 2-ին և 4-ին կազմակերպված հավաքները, որոնց պահանջը ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանի ազատ արձակումն էր։ Վերջինիս դեմ խուլիգանության հիմքով քրեական գործ էր հարուցվել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ կապված միջադեպի արդյունքում։ Ըստ պաշտպանի՝ Դ․ Ավետիսյանը հուլիսի 2-ին Անգլիական այգում տեսնելով վարչապետին բացականչել էր «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար», որից հետո ոստիկանները նրան պառկեցրել էին գետնին, իսկ Ավետիսյանը բացականչել էր «վիժվածք» և «դավաճան»[6]։

Շարունակվել են հավաքները Կրթության, գիտության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի աջակիցների կողմից՝ վերջինիս կալանքից ազատելու պահանջով։ Շարունակվել են նաև 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատների, ինչպես նաև 2023 թ․ Գեղարքունիքի Ազատ գյուղի կացարանի հրդեհի արդյունքում զոհված զինծառայողների հարազատների կողմից կազմակերպված հավաքները, համապատասխանաբար պահանջելով պարզել անհետ կորած զինծառայողների ճակատագրերը և մահվան հանգամանքները։ Հուլիսի 11-ին հավաք է կազմակերպվել փաստաբանների ակումբի կողմից՝ ընդդեմ փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում տեղի ունեցած բռնության դեպքերի և բռնություն կիրառողների անպատժելիության[7]։

 

Հուլիսի 11-ին Փաստաբանների պալատի ակումբի կողմից ՀՀ ոստիկանության առջև իրականացրած հավաքը։ Պաստառի վրա գրված է «ՀՀ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանը ճանաչվում է «Փաստաբանության թշնամի»՝ 2023 թ փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնությունների և ոչ պատշաճ արձագանքի համար։

Դիտարկված հավաքներից երկուսի պարագայում բարձրացվել են սոցիալական բնույթի հարցեր։ Դրանք էին սեպտեմբերի 7-ին մի խումբ առևտրականների կողմից՝ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրի հարթակի մրցակցության պատճառով կրած վնասների առթիվ անցկացրած հավաքը, ինչպես նաև սեպտեմբերի 14-ին դպրոցների ուսուցիչների կողմից կազմակերպված հավաքը՝ իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու պահանջով։   

Հավաքներ են կազմակերպվել այլ օրակարգերով, օրինակ՝ սեպտեմբերի 30-ին Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի աջակիցների կողմից կազմակերպած երթը՝ ի աջակցություն վերջինիս և Ադրբեջանի կողմից բանտարկված մյուս հայերի։ Երթի ավարտին մասնակիցները աջակցության նամակներ են գրել՝ ուղղված Բաքվում պահվող Ռ․ Վարդանյանին։

Հավաքների թիվն ըստ մասնակիցների թվաքանակի

Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված հավաքների մեծամասնության պարագայում մասնակիցների քանակը չի գերազանցել 100-ը (62 հավաք)։ Նման մասնակցությամբ են եղել ինչպես «Բացում», Unblock.am, «Կանայք հանուն Արցախի», «Մենք Արցախն ենք», «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունների կողմից անցկացված հավաքների, երթերի և պիկետների, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հավաքների, այնպես էլ ընդդիմության կողմից սեպտեմբերի 21-ից կազմակերպված բողոքի գործողությունների շրջանակներում անցկացված հավաքների մի մասը։

   

Ձախ նկարում՝ հուլիսի 17-ին «Մենք Արցախն ենք» նախաձեռնության շրջանակներում իրականացված հավաքը ՄԱԿ-ի առջև։ Աջ նկարում՝ սեպտեմբերի 21-ին «Ազգային կոմիտե» նախաձեռնության ղեկավարած շարժման շրջանակներում իրականացված երթերից մեկը Հանրապետության հրապարակում։ 

Հավաքներից 21-ի պարագայում մասնակիցների թիվը տատանվել է 100-1000-ի սահմաններում։ Դրանցից են եղել ԱԺԲ կողմից անցկացված հիմնական հավաքներն ու երթերը (200-700 մասնակից), «Բացում» նախաձեռնության կողմից Ազատության հրապարակում անցկացված որոշ հավաքներ (120-300 մասնակից), «Մենք Արցախն ենք» նախաձեռնության հուլիսի 21-ին կազմակերպված հավաքը և երթը (մոտ 600 մասնակից), «Մայր Հայաստան» դաշինքի կողմից օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 14-ին կազմակերպած հավաքները և երթերը (համապատասխանաբար մոտ 500 և 900 մասնակից), ինչպես նաև սեպտեմբերի 21-ից «Ազգային կոմիտեի» շարժման շրջանակներում տեղի ունեցած մի շարք երթերը և անհնազանդության գործողություններով ուղեկցվող հավաքները (150-550 մասնակից)։

   

Ձախ նկարում՝ օգոստոսի 17-ին ԱԺԲ կողմից իրականացված երթը։ Աջ նկարում՝ օգոստոսի 23-ին «Մայր Հայաստան» դաշինքի հանրահավաքը Շարլ Ազնավուրի հրապարակում։

Մի շարք հավաքների պարագայում մասնակիցների թիվը գերազանցել է 1000-ը։ Դրանցից էին «Մենք Արցախն ենք» նախաձեռնության շրջանակներում հուլիսի 27-ին Ազատության հրապարակում անցկացված հավաքը (մոտ 4300 մասնակից), ԱԺԲ կողմից օգոստոսի 17-ին, կրկին՝ Ազատության հրապարակում կազմակերպած հավաքը (մոտ 1150 մասնակից), Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կազմակերպած հավաք-երթը (մոտ 4500 մասնակից)։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին Կառավարության առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մասնակիցների թիվը տատանվել է 2500-4000-ի միջև, իսկ սեպտեմբերի 21-ից հետո՝ Ազգային կոմիտեի շարժման շրջանակներում Հանրապետության հրապարակում անցկացված հավաքների մասնակցությունը տատանվել 2400-ից 6500-ի միջև, առավելագույնը հասնելով 7000-ի՝ սեպտեմբերի 25-ին։ Հաշվետու ժամանակահատվածում 10000-ից ավելի մասնակից ներկա է գտնվել սեպտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակում Արցախի անկախության տոնի առթիվ ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքին (իրազեկված ՀՅԴ կողմից, մոտ 11000 մասնակից)։

Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացված հավաքը։

Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի

Դիտարկված հավաքների մեծ մասն անցկացվել է որոշակի վայրում (66 հավաք), 25-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, երկուսը անցկացվել են միայն երթի ձևով։

Տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Արցախ հումանիտար բեռներ տեղափոխելու պահանջով անցկացրած հավաքների շրջանակներում իրականացվել են պիկետներ, նստացույցեր, խորհրդանշական գործողություններ։ Հուլիսին «Կանայք հանուն Արցախի» խորագրով մի խումբ կանայք խորհրդանշական նստացույց են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ իրար հերթափոխելով մեկօրյա հացադուլ իրականացնելով։ «Բացում» նախաձեռնության մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքել էին պարենի պաշարներ՝ կազմակերպությունից պահանջելով դրանց և այլ հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ։ Օգոստոսի 18-ին ՀՀ-ում սովորող մի խումբ արցախցի ուսանողներ արգելափակել են Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակի մուտքը՝ պահանջելով ավտովթարի արդյունքում մահացած, արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ինչն արգելվել էր Ադրբեջանի կողմից։

   

«Բացում» նախաձեռնության կողմից ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքված պարենը։

Օգոստոսի 24-ից ԱԺԲ-ն շուրջօրյա նստացույց էր սկսել Ազատության հրապարակում՝ Ն․ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով նախաձեռնված շարժման շրջանակներում։ Վերջիններս Երևանի փողոցներում պարբերաբար իրականացնում էին իրազեկման երթեր՝ ընթացիկ հիմնական հանրահավաքների վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ից «Ազգային կոմիտեի» նախաձեռնած շարժման շրջանակներում հավաքների մասնակիցները իրականցնում էին քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով Երևանի փողոցների երթևեկությունը։

 

Հավաքի մասնակիցները արգելափակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։

Հավաքների թիվն ըստ անցկացման վայրի

Կոմիտեի կողմից դիտարկված բոլոր հավաքներն անցկացվել են Երևան քաղաքում։ Որոշ երթերի պարագայում մասնակիցները կանգ են առել տարբեր մարմինների նստավայրերի առջև, հետևաբար՝ դրանք հաշվարկվել են որպես առանձին հավաքի վայրեր։ Որոշ քանակությամբ հավաքներ են անցկացվել մարզերում, հիմնականում՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած հարձակումից հետո[8]։ Մասնակիցները արգելափակել էին մի շարք մարզային և միջպետական մայրուղիներ՝ «Ազգային կոմիտեի» նախաձեռնած շարժման շրջանակներում։

Դիտարկված առավել մեծ թվով հավաքների «թիրախում» են եղել միջազգային կազմակերպությունները, առավելապես՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը (20 հավաք), Հայկական Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (4 հավաք), ինչպես նաև մի շարք պետությունների՝ ՌԴ (7 հավաք), Ֆրանսիայի (4 հավաք),  ՄԹ (3 հավաք) և ԱՄՆ դեսպանատները (2 հավաք)։

«Մենք Արցախն ենք» նախաձեռնության կողմից հուլիսի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև իրականացրած հավաքը։

Հավաքներից 27-ը անցկացվել են պետական մարմինների վարչական շենքերի և նստավայրերի, որոնցից 14-ը՝ ՀՀ կառավարության նստավայրի առջև։ Նշված հավաքները ներկայացված պահանջներով բազմազան էին և ներառում էին ինչպես որոշ ընդհանուր սոցիալական շահեր ունեցող խմբերի կողմից անցկացրած հավաքները (հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, անհատ առևտրականներ), այնպես էլ սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախի վրա հարձակմամբ պայմանավորված ինքնաբուխ հավաքները և դրանց հաջորդող՝ «Ազգային կոմիտե» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված հավաքները։

 

Սեպտեմբերի 19-ին Կառավարության նստավայրի առջև տեղի ունեցած ինքնաբուխ հավաքը։

Դիտարկված հավաքներից երկուսը կազմակերպվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առջև՝ Ա․ Աշոտյանին կալանքից ազատ արձակելու պահանջով։ Երկու հավաք է դիտարկվել ԱԺ նստավայրի առջև՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից կազմակերպված, ևս մեկ հավաք՝ ՀՀ նախագահի նստավայրի առջև, կազմակերպված հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից։ Հավաքներ են անցկացվել ՀՀ ԱԳՆ նստավայրի առջև՝ «Բացում» նախաձեռնության կողմից, Ոստիկանության վարչական շենքի առջև՝ Փաստաբանների պալատի ակումբի կողմից, ՀՀ քննչական կոմիտեի առջև՝ Ազատ գյուղում զոհված զինծառայողների հարազատների կողմից և այլն։

Ազատության հրապարակում հավաքներ են կազմակերպվել «Բացում» և «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունների, ինչպես նաև ԱԺԲ և ՀՅԴ կողմից։ «Ազգային կոմիտե» նախաձեռնության հիմնական հավաքները անցկացվել են Հանրապետության հրապարակում։ Քաղաքի այլ վայրերից հավաքներ են անցկացվել Միսաք Մանուշյանի անվան պուրակում[9], Ալեքսանդր Մյասնիկյանի, Գարեգին Նժդեհի արձանների հարակից տարածքներում՝ համապատասխանաբար «Արժանապատվության շարժում», «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունների և «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ի կողմից։ ԵՊՀ և այլ համալսարանների մոտ, ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել բանուկ խաչմերուկներում հավաքներ և երթեր են անցկացվել «Ազգային կոմիտեի» կողմից անհնազանդության գործողությունների կազմակերպման ընթացքում։

Ոստիկանների քանակը և ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում

Դիտարկված հավաքներից 57-ի պարագայում ներգրավված ոստիկանության ծառայողների թիվը չի գերազանցել 30-ը, 17-ի դեպքում տատանվել է 30-ից 100-ի սահմաններում, իսկ հավաքներից 18-ի դեպքում գերազանցել է 100-ից։ Առավել մեծ թվով ոստիկանության ծառայողներ են ներգրավված եղել ԱԺԲ և «Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքներին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև տեղի ունեցած ինքնաբուխ հավաքների ընթացքում։ Նշված հավաքների վայրերում, որպես կանոն, ներկա են եղել հարյուրավոր ոստիկաններ՝ տարբեր ստորաբաժանումներից, իսկ սեպտեմբերի 19-ին և 20-ին Կառավարության նստավայրի և հարակից տարածքում ոստիկանների թիվը գերազանցել է 450-ից։

    

Վերևի նկարներում՝ ոստիկանության շղթան Կառավարության նստավայրի մուտքի առջև։ Ներքևի նկարում՝ ոստիկանության հավելյալ ուժերը Հանրապետության հրապարակում։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Կառավարության նստավայրի առջև տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանության ծառայողները շղթա կազմած արգելափակել են Կառավարության մուտքերը, իսկ մասնակիցների մի մասը փորձել է նրանց հրելով ճեղքել շղթան, որոշ ցուցարարներ պլաստիկ շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Տարբեր ժամերին, կախված տվյալ պահին բանակցող ոստիկանության ներկայացուցչի կամ բարձրախոսով հանգստացնող կոչեր անող հավաքի մասնակիցների ջանքերից, լարվածությունը որոշ չափով թուլացել է։

 

Հավաքի մասնակիցը և ոստիկանության ներկայացուցիչը փորձում են կանխել բախումները։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան,  ժամը 20։50-ին, ցուցարարների և ոստիկանության ծառայողների հերթական ընդհարման ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ՝ առանց նախազգուշացման և անմիջապես ցուցարարների ուղղությամբ, որոնցից առնվազն մեկը պայթել է մարդկանց հոծ բազմության մեջ։ Արդյունքում հավաքի որոշ մասնակիցներ ստացել էին մարմնական վնասվածքներ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով տուժել էին 16 ոստիկան և 18 քաղաքացիական անձ[10]։

 

Վերևի նկարում՝ լուսաձայնային նռնակի պայթյունը մասնակիցների բազմության մեջ։ Ներքևի նկարներում՝ վնասվածքներ ստացած հավաքի մասնակիցները։

«Ազգային կոմիտե» նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների ընթացքում դիտարկվել են ոստիկանության կողմից անհմաչափ ուժի և բռնությունների կիրառման դեպքեր։ Ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև[11]։ Եվս մեկ դրվագում ոստիկանները, գրեթե խեղդելով, սահմանափակել են հավաքի վայրում գտնվող անչափահաի ազատությունը[12]:

     

Ոստիկանները բերման են ենթարկում սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնող ցուցարարներին։

Ոչ հետևողական են եղել ոստիկանության կողմից անհնազանդության գործողություններ իրականացնող ցուցարարների նկատմամբ միջամտությունները և վարչարարությունը։ Որոշ դեպքերում, օրինակ՝ սեպտեմբերի 22-ին ժամը 13։00-ին Ամիրյան փողոցի և  Հանրապետության հրապարակի միացման հատվածում իրականացված անհնազանդության գործողությունների ընթացքում, ոստիկանությունը ժամանակ է տվել և մի քանի անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջել է բացել փողոցը, որից հետո նաև անհատապես փորձել է համոզել ցուցարարներին տեղափոխվել մայթեր։ Դրանից հետո ոստիկանության ծառայողները մասնակիցներին հեռացրել են մայթեզր՝ այդ կերպ ապահովելով փողոցի երթևեկությունը։ Մեկ այլ դեպքում՝ սեպտեմբերի 23-ին ժամը 18։30-ին Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում համանման հավաքի ընթացքում ոստիկանությունը մասնակիցներին փողոցը բացելու պահանջ չի ներկայացրել և բերման է ենթարկել ճանապարհը ինքնակամ բացելուց հետո մայթին գտնվող անձանց։

 

 

Վերևի նկարներում՝ ոստիկանության ծառայողները հեռանցնում հավաքի մասնակցիներին փողոցից և վերականգնում երթևեկությունը։ Ներքևի նկարներում՝ ոստիկանները բերման են ենթարկում փողոցը ինքնակամ բացած և մայթի վրա գտնվող քաղաքացիներին։

Հետապնդումներ, հավաքների ազատության իրավունքի նկատմամբ այլ միջամտություններ

Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ շարունակվում են հետապնդումները՝ պայմանավորված վերջիններիս հանրային գործունեությամբ և բողոքի ցույցերի մասնակցությամբ։

Քրեական գործեր

Ըստ ՀՀ ՆԳՆ տվյալների՝ 2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած բերման է ենթարկվել հավաքի 529 մասնակից, որոնցից 37-ը կալանավորվել են[13]։ Քրեական գործերը հիմնականում հարուցվել են խուլիգանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանին հարվածելու կասկածներով։ Որպես կանոն, գործերը հարուցվել են ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման պարագայում։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ կալանքի հիմքում ընկած է եղել այն ոստիկաններից մեկի ցուցմունքը, որը մեքենայի մեջ բռնություն է կիրառել Լ․ Քոչարյանի նկատմամբ[14]։ Կալանավորված անձանց թվում են անչափահաս Սամվել Միրզոյանը՝ որին ներկայացվել է զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանք[15], ինչպես նաև երկու անչափահաս երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանը՝ զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով[16]։

Ոստիկանության կողմից կիրառված բռնությունների համար ՆԳ նախարարը պատախսանատվությունը դրել է հավաքների կազմակերպիչների վրա, պնդելով, որ «եթե հավաքի կազմակերպիչները միջադեպ չեն հրահրում, հաստատ ոստիկանների կողմից ոչ մի միջադեպ չի լինի[17]»։ Ըստ ՆԳ նախարարի՝ որոշ ոստիկանների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ[18]։ Այդուհանդերձ, ինչպես նախորդ տարիներին հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած բռնությունների պարագայում, ոստիկանության որևէ ծառայող չի ենթարկվել պատասխանատվության և չի ազատվել ծառայությունից։

Սեպտեմբերի 8-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 2020 թ․ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Գ․ Գալեյանը մեղադրվում է 2022 թ․ հունիսի 30-ին դատախազության առջև որդեկորույս ծնողների կողմից իրականացված հավաքի ընթացքում «իշխանական սադրիչներից մեկի» գլխին ջուր լցնելու համար[19], ինչը որակվել է որպես խուլիգանություն։ Ձերբակալությունից հետո հայտարարվեց, որ անձնական խուզարկության արդյունքում Գ․ Գալեյանի մոտ ոստիկանները մարիխուանա են գտել և նրան ներկայացվեց նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության  մեղադրանք[20]։  Ըստ պաշտպանի՝ Գ․ Գալեյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն միացել էր ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությանը և «Մայր Հայաստան» դաշինքին[21]։ Նոյեմբերի 2-ին Գ․ Գալեյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով և 2 մլն գրավով։

Խտրականություն և ճնշումներ արցախահայերի նկատմամբ

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ մի շարք իշխանամետ շրջանակների կողմից տարածվել են հակաօրինական հայտարարություններ՝ կապված նրանց կողմից խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման հետ։  Սեպտեմբերի 29-ին Սուրենավանի վարչական ղեկավար, ՔՊ անդամ Անի Վարդազարյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ «Այն Արցախցին որը կմասնակցի ցույցերին,զրկել բոլոր տեսակի օգնություններից[22]», ինչը արագորեն տարածել էին սոցիալական ցանցի բազմաթիվ այլ օգտատերեր[23]։ Արցախցիներին՝ հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պարագայում սպառնալիքներով գրառումներ են կատարել նաև ՔՊ այլ անդամներ[24]։ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանը նույնպես համանման գրառում էր կատարել, պնդելով, որ հավաքներին մասնակցող Արցախցիները նույնականացվելու են և նրանց ընտանիքները զրկվեն պետական աջակցությունից[25]։ Նշված հայտարարությունների մեջ իրավապահ մարմինները հանցակազմ չեն գտել[26]։

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը

2023 թ․ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող քարոզարշավի ընթացքում բազմաթիվ փաստեր հրապարակվեցին իշխող ՔՊ կուսակցության կողմից վարչական և ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ հավաքների և երթերի մասնակիցներ ներգրավելու մասին։ Սեպտեմբերի 4-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից գումարի դիմաց քարոզարշավին մարդկանց ներգրավելու վերաբերյալ փաստեր։ Ըստ հրապարակման՝ սոցիալական ցանցերի միջոցով իշխող կուսակցության համար հավաքագրում էին երթերի մասնակիցներ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։ Վերջիններիս տրվում էին հանձնարարություններ որոշակի հագուստ կրելու, անձնական տվյալներ տրամադրելու և կուսակցության գլխամասային գրասենյակ այցելելու վերաբերյալ[27]։ Սեպտեմբերի 8-ին քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի կողմից հրապարակվել էր տեսանյութ, որտեղ վերջինս բացահայտում է ՔՊ նախընտրական հավաքին համայնքային վերահսկողության տակ գտնվող մի շարք հաստատությունների, ներառյալ՝ մանկապարտեզների, դպրոցի, գրադարանների և մշակութային կենտրոնների աշախատակիցներին ներգրավելու դեպքեր[28]։ Հանրակրթական հաստատությունների, ինչպես նաև մարզերի բնակիչներին ՔՊ ամփոփիչ հանրահավաք-երթին ներգրավելու մասին փաստեր էր հրապարակել նաև «Անկախ դիտորդ» առաքելությունը[29]։

Նախորդ հրապարակումներում Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել էր հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին, որը քրեականացվել էր 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կատարված օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման ընթացքում[30]։ Հանցակազմը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, և թեև 2021 թ․-ին ողջ փաթեթի հետ միասին տրամադրվել էր Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ միացյալ հրատապ կարծիքում տվյալ հանցակազմին անդրադարձ չէր կատարվել, ինչը կարող էր պայմանավորված լինել ներկայացված անգլերեն տարբերակում հարկադրել և շահագրգռել բառերի թարգմանչական անճշտությամբ[31]։

 

Հավաքների ազատության իրավունքի համատեքստում Եվրոպայի և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը և չափանիշները ներկայացված են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցում[32]։ Ըստ ուղեցույցի 52-րդ պարբերության՝ «Հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին»։

Հանցակազմը, ՀՀ քրեական օրենսգրքում առկա խմբագրությամբ, չի անդրադառնում նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումներին։ 2022 թվականից նշված հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, ինչպես նաև ընդդիմադիր ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի նկատմամբ, ինչին Կոմիտեն անդրադարձել է իր նախորդ զեկույցներում[33]։ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող քարոզարշավի ընթացքում իշխող ՔՊ կուսակցության երթերին գումարի դիմաց մասնակիցներ ներգրավելու համար որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

Եզրակացություն

Հայաստանում հավաքների ազատության իրավունքի հետ կապված խնդիրները և վտանգները շարունակում են խորանալ, ինչն առաջին հերթին պայմանավորված է բռնություններ և այլ ոչ իրավաչափ միջամտություններ կիրառած ոստիկանության ծառայողների անպատժելիության, ցուցարարների նկատմամբ ոչ արժանահավատ հիմքերով ազատությունից զրկելու բազմաթիվ դեպքերի և իշխանությունների կողմից այդ խախտումները անտեսելու կամ արդարացնելու[34] գործելաոճի պատճառով։ Հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի աջակիցների կողմից ուղիղ խոսքով հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականության տարածումը նոր մակարդակի է բարձրացնում առկա խնդիրները։

Քրեական պատասխանատվության չեն ենթարկվել նախորդ տարիներին իրականացրած բռնությունների, ներառյալ՝ հունիսի 3-ին առնվազն 8 հավաքի մասնակցի ծեծի ենթարկած ոստիկանության ծառայողները[35], իսկ հավաքի մասնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերի միջոցով վերջիններս տևական ժամանակ պահվում են անազատության մեջ։ Նման գործերից որոշները թեև տևական քննությունից հետո ավարտվում են արդարացման վճռով[36], սակայն արդեն իսկ ունենում են իրենց զսպիչ ազդեցությունը (chilling effect)։

Հավաքի մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը հակասում է միջազգային լավագույն փորձին և չի անդրադառնում նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումներին։ Երկակի խնդրահարույց է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին չհամապատասխանելով հանդերձ այն կիրառվում է ընդդիմադիր գործիչների դեմ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից գումարի դիմաց ցուցարարները հավաքագրվում են հենց նախընտրական քարոզչության ընթացքում և որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում։

Հաշվի առնելով ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական։

Առաջարկություններ

Ոստիկանությանը

  1. Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով և հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։
  2. Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
  3. Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։

ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին

  1. Բացառել անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից խաղաղ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու իրական պատճառով։

ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին

  1. Դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։
  2. Բացառել իշխանությունների ներկայացուցիչների և վերջիններիս աջակիցների կողմից հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականությամբ պայմանավորված սպառնալիքները և խստորեն դատապարտել ցանկացած նման դրսևորում։

 

 

 

[1] Տե ՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (նոյեմբեր-դեկտեմբեր 2021 թ.) զեկույցը, էջ 4, https://bit.ly/3uQiVCA

[2] «Տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել. Վարչապետ», 20․09․2023 թ․,  https://www.azatutyun.am/a/32601239.html

[3] «Ունենք որոշում՝ ստեղծել ազգային կոմիտե. Իշխան Սաղաթելյան», Ազատություն ռադիոկայան, 20․09․2023 թ․, https://www.azatutyun.am/a/32601716.html

[4] Տե՛ս Երևանի քաղաքապետարանի կայքի «Հանրային հավաք» բաժինը՝ համապատասխան ամիսների տվյալներով, https://www.yerevan.am/hy/publicmeetings/

[5] «ԱԺԲ-ն որոշել է Ազատության հրապարակը սեպտեմբերի 2-ի երեկոյան զիջել ՀՅԴ միջոցառմանը», News.am, 01.09.2023 թ․, https://news.am/arm/news/778333.html

[6] «Դավիթ Վարուժանի Ավետիսյանին ազատ արձակելու որոշում է կայացվել», Ա1+, 05․07․2023 թ․, https://a1plus.am/hy/article/457697

[7] 2023 թ․ փաստաբանների նկատմամբ բռնությունների վերաբերյալ տե՛ս  Հայաստանի հելսինկյան կոմիտեի Դիտորդ #1. 2023 թ․ առաջին կիսամյակի վերաբերյալ արտահերթ զեկույցը, էջ 8-9,  https://armhels.com/wp-content/uploads/2023/07/Ditord-2023-adhoc.pdf

[8] Երևանից դուրս անցկացված հավաքները անմիջականորեն չեն դիտարկվել և արտացոլված չեն սույն զեկույցում ներկայացված տվյալներում։

[9] Հայտնի է նաև որպես «Մաշտոցի պուրակ»։

[10] «Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ ԱՆ», 20․09․2023 թ․, https://www.azatutyun.am/a/32600068.html

[11] Տեսանյութերը վերցված են լրատվամիջոցների և անհատների հանրամատչելի հրապարակումներից https://drive.google.com/drive/folders/1a5yX-2A27i21dFMjq0ADrfBHBoY_Jv0c

[12] https://drive.google.com/file/d/1xi63dNDtXNJM0BdY50FIZI1ilIyvJp5p/view

[13] «Սեպտեմբերի 20-ից ձերբակալվել են հավաքի 529 մասնակից, 37-ը՝ կալանավորված են, 17-ի տեսակցությունները արգելված. Վարդանյան», News.am, 22.10.2023 թ․, https://news.am/arm/news/788299.html

[14] «Լևոն Քոչարյանի գործով կա երկու վկա, երկու տուժող, բոլորն էլ ոստիկաններ են», Առավոտ, 12․10․2023 թ․,  https://www.aravot.am/2023/10/12/1375900/

[15] «Արցախցի անչափահաս տղային հանրային վայրից կալանավորել են», Առավոտ, 29․10․2023 թ․, https://www.aravot.am/2023/10/29/1379655/

[16] «ՔԿՀ-ում պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնաց է եղել», News.am, 31.10.2023 թ․, https://news.am/arm/news/789863.html

[17] «Տեսել ե՞ք՝ ոնց են ոստիկանների վրա ավտոպահեստամասեր, շշեր, քարեր նետում ՆԳ նախարար», Հրապարակ, 30․10․2023 թ․,  https://hraparak.am/post/cd7f6235caf0e8bb06c2773c000f12fc?fbclid=IwAR0cIgrXyIMzA5Hi5hC6Qa9GoPNQc1tzYHrl53uv0JOjGcAEVE8uDuGJN4g

[18] Նույ  տեղում

[19] «Գարիկ Գալեյանին թմրամիջոց պահելու մեղադրանք է առաջադրվել. պաշտպանը մանրամասներ է հայտնում», News.am, 08․09․2023 թ․, https://www.youtube.com/watch?v=y4KupLpWskk

[20] «Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանություն կատարելու համար», Հետք, 08․09․2023 թ․, https://hetq.am/hy/article/159851

[21] Նույն տեղում։

[22] «Մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից», Առավոտ, 30․09․2023 թ․, https://www.aravot.am/2023/09/30/1373379/

[23] Տարածված գրություններում նույնությամբ կրկնվում էին Ա․ Վարդազարյանի գրառման կետադրական և  տպագրական սխալները https://www.aravot.am/2023/09/30/1373340/

[24] Նույն տեղում

[25] «Հավաքներին մասնակցող «արցախցիներին օգնությունից զրկելու» կոչեր իշխանականներից. դատախազությունն ուսումնասիրություն է սկսել», Ազատություն ռադիոկայանմ 02․10․2023 թ․, https://www.azatutyun.am/a/32619740.html

[26] «Սուրենավանի գյուղապետի արարքում իրավապահները հանցակազմ չեն գտել», Ազատություն ռադիոկայան, 11․10․2023 թ․, https://www.azatutyun.am/a/32632848.html

[27] Տե ՛ս «Ականատես» դիտորդական առաքելության 04․09․2023 թ․ գրառումը https://www.facebook.com/akanatesditord/posts/pfbid02dT5qCiTN5f5rVEkuN4R3QGXPEuPxpsG1biZ4dJtxfUPni6y7wihbppehiSy5kUkxl

[28] Տե ՛ս Արթուր Չախոյանի հրապարակած 08․09․2023 թ․ տեսանյութը, https://www.facebook.com/watch/?v=1206006547458046

[29] Տե ՛ս «Անկախ դիտորդ» առաքելության հրապարակումները https://www.facebook.com/AnkakhDitord/posts/pfbid0zTMhEbpD1CSazQafom2PqpHUi4qsGq9CcvU3E9tDUFUU4f7rysrXHbSPxHtZd2u3l
https://www.facebook.com/AnkakhDitord/posts/pfbid02eZmbmN1ZNGBF1oXkXAK7WdZVu49wSJMoae2BSgVkRp76LsW2Q2uYA4vTsVh23p2Bl
https://www.facebook.com/watch/?v=1678723322628296

https://www.facebook.com/AnkakhDitord/posts/pfbid0aswM8zn6tc83BqPEmLw4rQoZnGx8KSujXDdYCHEhraZxNYgiMTgq7SbpEpAxxqmul

https://www.facebook.com/watch/?v=829250468671709

[30] Հանցակազմի վերլուծությունը տե՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-մայիս 2022 թ.) Հրատապ զեկույց»-ում, էջ 12-14, https://drive.google.com/file/d/1tEIiQw6-teVhY_COYn7wSW3nyTw-wwr/view?usp=sharing, ինչպես նաև՝ «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ - հունիս, 2022 թ.) Զեկույց»-ում, Էջ 34-38, https://drive.google.com/file/d/1nZhpCa_NFKCZRD41g81rTJpTMkBLSPAs/view?usp=sharing

[31] Մանրամասն տե՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-մայիս 2022 թ.) Հրատապ զեկույց»-ում, էջ 12-14, https://drive.google.com/file/d/1tEIiQw6-teVhY_COYn7wSW3nyTw-wwr/view?usp=sharing

[32] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 52-րդ պարբերություն

[33] Զեկույցները տե՛ս Կոմիտեի կայքում, https://shorturl.at/guGO9

[34] Տե ՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ - հունիս, 2023 թ․) զեկույց»-ը, էջ 15, https://armhels.com/wp-content/uploads/2023/07/FoA-_monitoring_2023_2.pdf

[35] Ծեծի դրվագները միացված մեկ տեսանյութում տես հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1dPY7nKChQ8TnS4scaRGSkRXUDC83s2Vg/view?usp=sharing

[36] Տե ՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ - հունիս, 2023 թ․) զեկույց»-ը, էջ 15-16, https://armhels.com/wp-content/uploads/2023/07/FoA-_monitoring_2023_2.pdf