Նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: