Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց  մի խումբ արցախահայեր անցկացնում էին հերթական ակցիան։

 Նրանք ցանկանում են ապաստան գտնել Ֆրանսիայում։

«Շատ թանկ են մեր տան վարձերը։ Ինչքան տալիս ենք բնակարանին, դրա կրկնապատիկը վճարում ենք նաև դեպոզիտին, բրոքերին»,-ասաց Արցախի բնակիչ Շողեր Մեջրումյանը։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դեսպանատունը խոստացել է ընդունել իրենց։ Հարցը, թե երբ կընդունեն, դեռևս քննարկվում է։

Ռայա Հայրապետյանը, ով Հադրութից երեք տարի առաջ է տեղափոխվել Երևան, մինչև հիմա ապրում է վարձով։ Ընտանիքում աշխատում է միայն ամուսինը, բայց գումարը չի բավարարում լուծել բնակարանի վարձի, կոմունալների և սննդի հարցը։

«Ամսի 9-ին ես և ամուսինս պիտի թոշակ ստանայինք, բայց չկա։ Մինչ այս դեպքերը ստանում էինք»,-ասաց Ռայա Հայրապետյանը։

Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը վստահ է, որ շուտով դեսպանատնից կպատասխանեն, քանի որ հարցն արդեն քաղաքական լուծում է ստացել։ Կառավարությունը երեկ որոշում է ընդունել, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Բոլոր բռնագաղթածներն ինքնաշխատ եղանակով կդառնան փախստական և երեք ամսվա ընթացքում կարող են փախստականի փաստաթուղթը վերցնել համապատասխան գերատեսչություններից, ինչը նրանց անհրաժեշտ է ճամփորդելու դեպքում: Այս պահին արցախցիներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն: