Իգոր Սեմշովը կխաղա Հայաստանի հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղին անպայման հրավիրելու է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Իգոր Սեմշովին, չնայած նա վերջերս որակազրկվել է:
«Իգորը քաղաքավարի մարդ է եւ իսկական պրոֆեսիոնալ է: Համոզված եմ, որ նա իրեն չի խնայի եւ լրիվ ծրագրով կմասնակցի իր թիմի մարզումներին: Իգորը թիմի կարեւորագույն օղակն է կազմում: Ես նրան անպայման կհրավիրեմ հավաքական, չնայած այն բանին, որ Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ նա բաց է թողնելու «Դինամոյի» մասնակցությամբ խաղերը: Նա երբեք ինձ հուսախափ չի արել, եւ ես ցանկանում եմ նույն ձեւով պատասխանել նրան»,-ասել է նա:
Նշենք, որ Մոսկվայի «Դինամոյի» ավագը երկրի առաջնության հերթական խաղին կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել դաշտից, սակայն քանի որ նա նաեւ վիճաբանել էր չորրորդ մրցավարի հետ, այդ իսկ պատճառով Ռուսաստանի ֆուտբոլի միության կողմից որակազրկվել է ոչ թե մեկ, այլ հինգ խաղով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թ առաջնության Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգում: