Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2024 (1)
A A
Սպորտ

Ինչո՞ւ Թուրքիան է մտել Եվրո-2024, եթե նրան դեռ կարող են հասնել Խորվաթիան ու Ուելսը

Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում կայացան 7-8-րդ տուրի հանդիպումները: Դրանից հետո հայտնի դարձան առաջին հավաքականները, որոնք նվաճեցին Գերմանիայում կայանալիք առաջության ուղեգրեր: Դրանք են Իսպանիան, Շոտլանդիան, Ֆրանսիան, Անգլիան, Թուրքիան, Բելգիան, Ավստրիան և Պորտուգալիան:

Եթե ուշադրություն դարձնենք մրցաշարային աղյուսակներին, ապա վերը նշված թիմերից միայն Թուրքիային կարող են հավասարվել նրան հետապնդող երկու հավաքականները՝ Ուելսն ու Խորվաթիան: Սակայն, եթե վերջիններն անգամ մնացած երկու խաղերում հաղթանակներ տանեն և միավորներով հավասարվեն Թուրքիային, ապա միևնույն է թուրքերը կմտնեն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ, քանի որ երեք հավաքականների միջև կայացած խաղերի արդյունքներով նրանք կվաստակեն 6, իսկ խորվաթները՝ 4 միավոր:

Ի դեպ, նույն խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը տեսականորեն դեռ շանս ունի նվաճելու երկրորդ ուղեգիրը, սակայն դրա համար հարկավոր է հաղթել Ուելսին ու Խորվաթիային, բացի այդ հույս դնել, որ խորվաթները միավորներ կկորցնեն նաև Լատվիայի հետ արտագնա խաղում: Բնականաբար, գործնականում դա դժվար լուծելի խնդիր է:

Անդրադառնալով մնացած խմբերին, ապա պետք է նշենք, որ բարդ իրավիճակ է ստեղծվել E և I խմբերում, որտեղ միանգամից 4-ական հավաքականներ հավակնում են Եվրո2024-ի ուղեգրերին:

Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան Անգլիայից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո նույնպես հայտնվել է բարդ վիճակում, քանի որ 3 միավորով ետ է մնում 2-րդ տեղում գտնվող Ուկրաինայից: Մնացած խաղերում իտալացիները նախ պետք է հաղթեն Հյուսիսային Մակեդոնիային, ապա չպարտվեն Ուկրաինային:

Նշենք, որ Եվրո-2024 մտնելու ռեալ շանսեր ունեն նաև Նիդեռլանդների, Հունգարիայի, Սերբիայի, Սլովենիայի, Դանիայի, Սլովակիայի հավաքականներին, որոնց ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչ ուղեգրից:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերը կկայանան նոյեմբերի 16-21-ը: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կընդունի Ուելսին, իսկ 21-ին կհյուրընկալվի Խորվաթիային: