39 ուսանող և աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտի ամենամյա կրթական պարգևների
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:
Միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողները աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:
Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողությունը: Հաղթողներին պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական պարգևը հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ։
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուսանողների համար․ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ։ Լավագույն սովորողների համար. «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։