Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+latvia 11.10.
A A
Սպորտ

Հոկտեմբերի 12-ին կփորձենք հաղթանակ տոնել. Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակից Լատվիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դաինիս Կազակևիչը հոկտեմբերին 12-ին կայանալիք հանդիպմանը պատրաստվելու համար թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստ։ Նա մամուլի ասուլիսում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

«Ինչպես տեսնում եք, կազմի փոփոխությունները մեծ չեն: Փոփոխություն կա դարպասապահների գծում: Ռիխարդ Մատրևիչը վերադարձել է հավաքական, քանի որ նա վերականգնել է խաղային պրակտիկան ակումբում: Դևիս Դավիդսը և Սպրուդսն այս անգամ չեն հրավիրվել, քանի որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նրանք ոչ մի խաղ չեն անցկացրել իրենց ակումբներում: Նորեկներից կնշեի Օսկար Վիենտիսին ու Բոգդան Սամոյլովին: Այդ երկու խաղացողներն որոշ ժամանակ մեր B ցուցակում էին, սակայն այս անգամ որոշեցինք նրանց հրավիրել հավաքին: Ես լավ ճանաչում եմ Բոգդանին դեռևս 21 տարեկանների հավաքականից։

Պաշտպան Անտոն Չեռնոմորդիի մասնակցությունը կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացնեն բժիշկները: Նա դեռ վերականգնման պրոցեսում է, ուստի լրացուցիչ բուժզննումից հետո պարզ կդառնա նրա մասնակցության հարցը։

Եթե մենք ընտրենք երկու հարձակվողներով մարտավարություն, ապա մեզ պետք է ֆիզիկապես լավ պատրաստված կենտրոնական կիսապաշտպան: Մյուս կողմից, եթե խաղանք մեկ հարձակվողով, ապա Բոգդան Սամոյլովին մենք ավելի շատ կդիտարկենք որպես հարձակվող, քան կենտրոնական կիսապաշտպան։

Մենք հասկանում են երկրպագուների հիասթափությունը: Նրանք հստակ ասել են, որ իրենց չի գոհացնում մրցաշարային աղյուսակը։ Միգուցե ինչ-որ մեկին դուր չի գալիս նաև մեր խաղը: Սակայն հոկտեմբերի 12-ին «Սկոնտո» մարզադաշտում փորձելու ենք ընդհանուր ջանքերով հաղթանակ տոնել։ Երկրպագուների աջակցությունը կարող է օգնել մեզ, իսկ նրանց բացակայությունն առավելություն կտա մրցակցին։ Մենք կենտրոնանում ենք իրավիճակը բարելավելու և մեր երկրպագուներին գոհացնելու վրա, թե՛ խաղադաշտում ցուցադրած խաղով, թե՛ աղյուսակի միավորներով», - ասել է Դաինիս Կազակևիչը:

Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին, ժամը 20-00-ին: