A
A
Նազիկ Ավդալյանը կվիրահատվի
Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, որը երեկ ավտովթարի էր ենթարկվել Գյումրի - Վանաձոր ավտոմայրուղու վրա, ներկայումս «Էրեբունի» բժշկական կենտրոնում է:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում, այսօր մարզուհին բժշկական հետազոտություն կանցնի, իսկ վաղը, հավանաբար, կվիրահատվի:
Ավտովթարի պատճառով ջարդվել է Նազիկ Ավդալյանի երկու կողոսկրերը, սակայն առավել լուրջ խնդիր առաջացել է կապված ողնաշարի հետ, որի ոսկորներից մեկը տեղահանվել է:
Բժիշկներն այժմ փորձում են մարզուհուն դուրս բերել սթրեսային վիճակից եւ պատրաստել վիրահատությանը: Նրանք նաեւ հայտնել են, որ միայն վիրահատությունից հետո պարզ կդառնա, արդյոք Նազիկ Ավդալյանը կկարողանա շարունակել ելույթները, թե ստիպված կլինի հրաժեշտ տալ մեծ սպորտին: