Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futzal 6.10.
A A
Սպորտ

Նախորդ խաղին լիովին տրամադրված չէինք. Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտզալի հավաքականն այսօր աշխարհի 2025թ առաջնության էլիտ ռաունդի շրջանակում Երևանում հյուրընկալեց աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիային:

 

Խաղն անցավ անզիջում պայքարում և վերջացավ պորտուգալացիների հաղթանակով՝ 6:5: Հայաստանի հավաքականը Իսպանիայի ընտրանուց հետո դարձավ երկրորդը, որ կարողացավ 5 գնդակ ուղարկել աշխարհի չեմպիոնների դարպասը: Հատկապես աչքի ընկավ Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

 

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը այսպես մեկնաբանեց խաղը. «Շատ լավ, դինամիկ խաղեր: Երկու-երեք ցավալի գոլեր բաց թողեցինք, որից հետո մի քիչ դժվարացավ, բայց տղաները հույսները չկորցրին: Մենք հինգերորդ խաղացողին դաշտ մտցրինք, խաղում որոշակի բեկում արեցինք, բայց ժամանակը չհերիքեց հաշիվը հավասարեցնելու համար: Կարծում եմ, աշխարհի չեմպիոնի դեմ արժանի խաղ ցուցադրինք»:

 

«Ա1+»-ի այն հարցին, ինչու նախորդ հանդիպմանը թիմին չհաջողվեց նույնպիսի մարտունակ խաղ ցուցադրել, ինչպես դա նկատվեց այսօր, Ռուբեն Նազարեթյանն ասաց. «Նախորդ խաղին մեր երկրում այնպիսի իրավիճակ էր, որ ֆուտբոլիստները չկարողացան լիովին տրամադրվել հանդիպմանը, շատերն անգամ չէին ցանկություն ներկայանալ խաղին: Մենք Ֆինլանդիայից միանշանակ ուժեղ էինք, կատարել ենք 32 հարված մրցակցի դարպասին, իսկ ֆինները՝ 8, որից 3-ը, սակայն, ավարտվել է գոլով: Իմ կարծիքով, Ֆինլանդիայից կրած պարտությունը պատահականություն էր», - եզրակացրեց գլխավոր մարզիչը:

 

Հիշեցնենք, որ Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական ագրեսիա սկսելու հաջորդ օրը: