Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան բաժանվել է երկու հավասար խմբերի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Աբովյանում 3:0 հաշվով վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին: Դաշտի տերերը երկու գոլ խփեցին առաջին կեսում, մեկը՝ երկրորդում:
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 21 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-4-րդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիային» ու «Ալաշկերտին»: ԲԿՄԱ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 13 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում:
11-րդ տուրից հետո Հայաստանի առաջնությունն արդեն բաժանվել է երկու հավասար խմբերի: Առաջին 5 տեղերը գրավող թիմերը՝ «Փյունիկը», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Նոան», արդեն բավական առաջ են անցել մյուս 5 թիմերից և միանշանակ պայքար կմղեն չեմպիոնի կոչման և մրցանակային տեղերի համար, եթե իհարկե, դրանցից որևէ մեկում տեղի չունենա կտրուկ փոփոխություն և խաղային ճգնաժամ: Իսկ ահա մնացած թիմերը՝ ԲԿՄԱ-ն, «Արարատը», «Շիրակը», «Վեսթ Արմենիան» և «Վանը», դժվար թե կարողանան միջամտել մեդալների համար պայքարին: Դրանք ընդամենը կպայքարեն լիգայում իրենց տեղը պահպանելու համար:
Այժմ առաջնությունում ընդմիջում է հայտարարված: 12-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին: