Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+fifa 5.10.
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ն կործանում է երկրագնդի ամենամեծ մրցաշարը. Football Supporters Europe

Եվրոպայի ֆուտբոլի երկրպագուների միությունը խստորեն քննադատել է ՖԻՖԱ-ին՝ 2030թ աշխարհի առաջնությունը 6 երկրներում անցկացնելու համար:

«ՖԻՖԱ-ն շարունակում է իր կործանարար քաղաքականությունը երկրագնդի ամենամեծ մրցաշարի դեմ: Այն սարսափելի է ֆուտբոլի աջակիցների համար, արհամարհվում է շրջակա միջավայրի պահպանությունը, բացի այդ կարմիր գորգ է փռվում 2034-ի հյուրընկալողի համար՝ մարդու իրավունքների խախտման սարսափելի ցուցանիշով: Սա աշխարհի առաջնության ավարտն է», - միության հայտարարությունը մեջբերում են անգլիական լրատվամիջոցները:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան գործկոմի որոշմամբ 2030թ աշխարհի առաջնությունն անցկացվելու է 3 մայրցամաքների 6 երկրում: Նախ բացման խաղ է անցկացվելու Ուրուգվայում, ի նշան նրա, որ 1930 թվականին հենց այդ երկիրն է հյուրընկալել աշխարհի առաջին առաջնությունը: Ապա մեկական հանդիպում է կայանալու Արգենտինայում և Պարագվայում: Դրանից հետո առաջնությունը շարունակվելու է Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկոյում:

Որոշումը զարմացրել է նույնիսկ ՖԻՖԱ-ի փորձառու դիտորդներին, քանի որ նախկինում աշխարհի առաջնությունները երբեք չեն անցկացվել մեկից ավելի մայրցամաքներում: Բացի դրանից, վերը նշված 6 երկրները մեխանիկորեն իրավունք կստանան մասնակցելու առաջնությանը:

Եվրոպացի երկրպագուներին զայրացրել է նաև այն փաստը, որ 2034 թվականի առաջնության անցկացման հայտ է ներկայացրել միայն Սաուդյան Արաբիան, երկիր, որտեղ դեռ պաշտպանված չեն մարդու իրավունքները: Նրանք հույս ունեն, որ մինչև եկող տարվա գործկոմը կհայտնվեն նոր թեկնածուներ: Դրանցից մեկը Ավստրալիան է:

Նշենք, որ ՖԻՖԱ-ն 2030թ աշխարհի առաջնության անցկացման վայրի մասին վերջնական որոշում կայացնելու է 2024թ հուլիսին: