Ֆաները դժգոհ են
Երեւանի «Արարատի» ֆանակումբի անդամները դժգոհ են թիմի ելույթներից, այդ իսկ պատճառով պահանջում են ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ֆանակումբի փոխնախագահը (նա ներկայացավ Սերգեյ անունով), որ իրենք պատրաստվում են ակցիաներ անցկացնել այդ կապակցությամբ:
«Մենք ֆանակումբի անդամներով խորհրդակցություն են հրավիրել եւ քննարկել թիմում տեղի ունեցող անցուդարձը: Առայժմ բանավոր դիմել ենք ակումբի նախագահին եւ պահանջել պաշտոնանկ անել փոխնախագահ Արկադի Անդրեասյանին` չցանկանալով բացել բոլոր փակագծերը: Առայժմ սպասում ենք պատասխանի: Եթե հարցը լուծում չստանա, ապա նոր ակցիաներ կկազմակերպենք»,-ասաց նա:
«Արարատի» ֆանակումբի փոխնախագահը ավելացրեց, որ շուտով գործելու է իրենց կայքէջը, որտեղից երկրպագուները կտեղեկանան իրենց նախաձեռնությունների մասին:
Ի դեպ, կայքէջերից մեկը նաեւ տեղեկություն է տարածել, որ «Բանանց» ակումբի երկրպագուները համաձայն են «Արարատի» համակիրների հետ եւ պատրաստ են աջակցել նրանց: Սակայն «Բանանցի» ֆանակումբի ղեկավարն այդ կապակցությամբ մեր թղթակցին հայտնեց, որ իրենք տեղյակ չեն այդ մասին եւ որ ոչ մի հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ: