Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 1.10.
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը և Մամիկոն Ղարիբյանը պայքարում են մեդալների համար. շախմատի ԱԵԱ

Մեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում մնացել է անցկացնել վերջին տուրը: Հայաստանի 3 պատվիրակներից երկուսը շարունակում են պայքարել մեդալների համար:

Մինչև 20 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը նախավերջին պարտիայում հաղթել է ռումինուհի Չիոլակուին: Նա վաստակել է 7 միավոր և այժմ գտնվում է 5-րդ տեղում: Վերջին տուրում նրա մրցակիցը հնդկուհի Մունիկա Բոմինին է: Մարիամ Մկրտչյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար, քանի որ նա արդեն 1,5 միավորով ետ է մնում միանձնյա առաջատար Բելոսլավա Կրաստևայից:

Նույն մրցաշարին մասնակցող Ասյա Եդիգարյանը 10 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և զբաղեցնում է 28-րդ տեղը: Այսօր նա կմրցի իր անմիջական հարևանի՝ կոլումբիացի Նիկոլիե Ջուլիետ Տոբարի հետ:

Տղաների մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը ընթացիկ տուրում հաղթել է ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, վաստակել 7,5 միավոր և ընդհուպ մոտեցել երկու առաջատարներին, որոնք ունեն 8-ական միավոր: Վերջին տուրում նա սևերով կմրցի գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ: Միայն հաղթանակի դեպքում Մամիկոն Ղարիբյանը կարող է հավակնել մեդալների, քանի որ նա լրացուցիչ ցուցանիշներով ետ է մնում իր հիմնական 4 մրցակիցներից: