Մեր ծանրորդները կմեկնեն Պերու
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը ներկայումս պատրաստվում է մայիսին Պերուում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Այս օրերին մեր պատանի 10 ծանրորդները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Այնուհետեւ նրանք մարզումները կշարունակեն Աբովյանում: Աշխարհի առաջնությանը կմասնակցենք 8 մարզիկով, այսինքը, մասնակիցներ կունենանք բոլոր քաշային կարգերում»,-ասաց նա:
Մայիսի 1-5-ը իրենց ուժերը կփորձարկեն մեր երիտասարդ ծանրորդները, որոնք Վանաձորում կպայքարեն Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Ինչ վերաբերում է մեր մեծահասակ ծանրորդներին, ապա նրանք այժմ մարզվում են իրենց թիմերում:
«Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերին, մեր հավաքականները կսկսեն նախապատրաստվել մայիսի վերջից: Դրանք մի քանի ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն հանրապետությունում», - ասաց Փաշիկ Ալավերդյանը: