Բացել լրահոսը Փակել լրահոսը
միպ
A A
Պաշտոնական

ՄԻՊ. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար աղետ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ:

 

Մասնավորապես՝

 

կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)

 

բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները

 

ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու բնակավայրերը

 

խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ

 

կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից

 

մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն:

 

Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։

 

Մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է: