Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետուխովը չի ցանկանում խաղալ «Արարատում»

Սպորտ
ae75d3da02e907d66a4eb36e2c763ef7

Երեւանի «Արարատի» բելառուս դարպասապահ Ալեքսանդր Պետուխովը այլեւս չի ցանկանում հանդես գալ թիմում: Նա ակումբից պահանջում է չեղյալ համարել կնքված պայմանագիրը եւ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ տալ իրեն:

«Այս տարի իմ գործակալի օգնությամբ մեկ տարվա պայմանագիր կնքեցի «Արարատ» ակումբի հետ: Սակայն «Ուլիսի» հետ խաղից հետո մամուլից տեղեկացա, որ թիմի գլխավոր մարզիչն ինձ ազատել է աշխատանքից: Քանի որ ինձ այլեւս չեն վստահում «Արարատում», ես չեմ ցանկանում շարունակել ելույթներս այդ թիմում» - այսօր «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրուցելիս ասեց բելառուս դարպասապահը:

Մեր այն հարցին, թե ինչ ելք է տեսնում ստեղծված այս իրավիճակում, Ալեքսանդր Պետուխովն ասաց. «Ես նամակով դիմել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հույս ունեմ, որ ՀՖՖ-ն չեղյալ կհամարի կնքված պայմանագիրը եւ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կտա»:

Բելառուս լեգեոնականը չի ցանկանում հանդիպել «Արարատի» ղեկավարների հետ եւ քննարկել այդ խնդիրը, քանի որ այլեւս չի վստահում նրանց: «Պատճառն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով նաեւ ակումբի փոխնախագահն է, ինձ չվճարեց խոստացած գումարը, բացի այդ այդպես էլ չլուծեցին կենցաղային խնդիրները»:

Ալեքսանդր Պետուխովը վերջում ավելացրեց, որ եթե առաջարկ ստանա մեկ այլ հայկական թիմից, ապա հաճույքով կընդունի այն. «Մեկ մարդու պահվածքով ճիշտ չէ կարծիք կազմել տվյալ երկրի կամ ժողովրդի մասին: Ինձ եւ կնոջս դուր է գալիս այստեղի կենցաղը, ուստի շատ կցանկանայի շարունակել ելույթներս Հայաստանում»: