Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2024
A A
Սպորտ

Ուկրաինան ընդհատեց Անգլիայի հաղթարշավը, իսկ Իսպանիան ջախջախեց Վրաստանին. Եվրո-2024

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:

Մրցափուլի առաջին կեսից հետո առայժմ միավոր չեն կորցրել երեք հավաքականներ՝ Շոտլանդիան, Ֆրանսիան և Պորտուգալիան: Ընթացիկ տուրում շոտլանդացիները հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթել են Կիպրոսին, ֆրանսիացիները սեփական դաշտում երկու անպատասխան գոլ են խփել Իսլանդիային, իսկ պորտուգալացիները մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության են հասել Սլովակիայի նկատմամբ:

Ընտրարշավը հաղթանակներով մեկնարկած Անգլիայի ընտրանու ճանապարհը փակեց Ուկրաինան, որը Վրոցլավում ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ՝ 1:1: Նույն խմբում անակնկալ մատուցեց նաև Հյուսիսային Մակեդոնիան, որը սեփական դաշտում «հաշտություն կնքեց» Իտալիայի հետ՝ 1:1:

Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Թբիլիսիում, որտեղ Իսպանիայի հավաքականը պարզապես ջախջախեց Վրաստանի ընտրանուն՝ 7:1: Հաղթողների կազմում գոլերից մեկը խփել է 16-ամյա նորեկ Լամինե Յամալը:

Սեփական դաշտում ձախողվեց նաև Էստոնիան, որը 0:5 հաշվով պարտվեց Շվեդիային: Սակայն, ամենամեծ անակնկալը գրանցվեց Սերբիա – Հունգարիա խաղում, որտեղ հյուրերը կամային հաղթանակ տարան՝ 2:1:

Վեց թիմեր դեռևս միավոր չեն վաստակել այս մրցաշարում: Դրանց թվում են Կիպրոսն ու Լատվիան, որոնք կրել են չորս անընդմեջ պարտություն: Մեկական միավոր ունեն նույն խմբում հանդես եկող Էստոնիան ու Ադրբեջանը: Այս ութ հավաքականները տեսականորեն դեռ պայքարի մեջ են, սակայն գործնականում դժվար թե կարողանան վերջին տեղից բարձրանալ 2-րդ հորիզոնական:

Սեպտեմբերի 10-12-ը կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Այսօր սկզբունքային նշանակություն ունի Ֆինլանդիա – Դանիա խաղը: Վաղը նման կարգավիճակ ունի Հայաստան – Խորվաթիա դիմակայությունը, քանի որ երկու թիմերն ունեն 7-ական միավոր: Սեպտեմբերի 12-ին կարևոր են Իտալիա – Ուկրաինա և Շվեդիա – Ավստրիա հանդիպումները: