Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+turkia - hajastan
A A
Սպորտ

Թուրքիա – Հայաստան․ ֆուտբոլի բարձր մակարդակի չորրորդ հակամարտությունը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղը։ Մեր թիմը Էսկիշեհիրի համանուն մարզադաշտում կդիմակայի Թուրքիայի հավաքականին։

Սա երկու երկրների ազգային թիմերի թվով չորրորդ հանդիպումն է բարձր մակարդակով։ Նախորդ երեքում հաղթանակ է տարել մեր մրցակիցը։

2010թ աշխարհի առաջնության ընտրական փուլում կայացած երկու խաղերն էլ Թուրքիայի ընտրանին առավելության է հասել միևնույն 2։0 հաշվով։ Ընթացիկ՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում, այս տարի Երևանում կայացած խաղում մեր հավաքականը զիջել է 1։2 հաշվով։

Սակայն, ի տարբերություն անցած երեք հանդիպումների, այսօրվա խաղը մրցաշարային առումով անչափ կարևոր նշանակություն ունի մեր հավաքականի համար։ Պարտվելու դեպքում մենք, կարելի է ասել, կզրկվենք Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, քանի որ Թուրքիան միավորների տարբերությունը կհասցնի 6-ի, իսկ Խորվաթիայի հետ հաջորդ խաղում դժվար կլինի կրճատել այդ տարբերությունը, որովհետև աշխարհի բրոնզե մեդալակրին նույնպես հարկավոր են միավորներ։

Թուրքիայի հավաքականը դա շատ լավ հասկանում է, դրա համար բավական լրջորեն է մոտեցել այսօրվա խաղին։ Բավական է ասել, որ թուրքերը Հայաստանի հավաքականին համարում են «ամուր ընկույզ», այլ ոչ թե նախկին ետնապահ։ Ինչևէ։

Ըստ բուքմեյքերների Թուրքիա – Հայաստան հանդիպման ֆավորիտ են համարվում տանտերերը, որոնց հաղթանակը գնահատում են 1,33 գործակցով։ Հայաստանի շանսերը հավասար են 9,50-10,00 գործակցի։

Թուրքիա - Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։