Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է եվրոպական նոր մրցափուլ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր կանցկացնի Եվրոպայի 2025 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստներն առաջինը կմրցեն Ալբանիայի իրենց հասակակիցների հետ:
Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնության ընտրական փուլին մասնակցում են 52 երկրներ, որոնք բաժանվել են 9 խմբերի: Դրանք կպայքարեն 15 ուղեգրերի համար: Խմբերի հաղթողները և 2-րդ տեղը գրաված լավագույն երեք թիմերը միանգամից կմտնեն եզրափակիչ փուլ: Մնացած երեք ուղեգրերը կվիճարկեն 2-րդ տեղը գրաված 6 թիմերը, անցումային խաղերում:
Հայաստանի Մ-21 հավաքականը վիճակահանությամբ ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի և Չեռնոգորիայի թիմերը:
Մեր խումբը կմեկնարկի հենց Հայաստան – Ալբանիա հանդիպումով: Չորս օր անց Հայաստանը կհյուրընկալի Չեռնոգորիային, Ֆինլանդիան՝ Շվեյցարիային, Ալբանիան՝ Ռումինիային:
Ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ՀՖՖ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ առաջիկա խաղերում կփորձեն առավելագույնին հասնել, քանի որ հաղթանակները վստահություն են հաղորդում երիտասարդ ֆուտբոլիստներին:
«Խմբում ֆավորիտներ չեմ տեսնում, քանի որ հավաքվել են հավասարազոր թիմեր: Բոլոր հանդիպումներում պետք է խաղանք կենտրոնացած և նվիրված», - ասել է գլխավոր մարզիչը:
Հայաստանի և Ալբանիայի երիտասարդական հավաքականների առաջին հանդիպումը տեղի կունենա Աբովյանում և կմեկնարկի ժամը 19:00-ին: