Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդն է Եվրոպայում
Կազանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալը նվաճեց:
Կանանց գերծանր քաշային կարգում (+75 կգ) մեր ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 254 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Նա նույն արժեքի փոքր մեդալներ նվաճեց նաեւ պոկում (114 կգ) եւ հրում (140 կգ) վարժություններում:
Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կաշիրինան, որը մրցակցությունից դուրս էր: 20-ամյա տաղանդաշատ մարզուհին միանգամից երեք համաշխարհային ռեկորդ սահմանեց. պոկում` 146 կգ, հրում` 181 կգ, երկամարտ` 327 կգ:
Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի երկու անդամները Կազանում նվաճեցին երկու արծաթե մեդալ: Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգում աշխարհամասի փոխչեմպիոն էր հռչակվել Էլեն Գրիգորյանը: