Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում արյան դոնորների պակաս կա (տեսանյութ)

Հասարակություն
301c65c1bdbdf8ba06bf53c1504a2701

Դոնորությունը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ավելի քան 120 ուսանողներ, հասկանալով իրենց կողմից կատարած քայլի կարեւորությունը, այսօր Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն էին եկել` կատարելու անվարձահատույց արյունատվություն:

«Գիտակցելով, որ իմ արյունը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը, որոշեցի գալ եւ մասնակցել ակցիային»,- ասաց կամավոր ուսանողներից Թամարա Ղազարյանը: Նա նկատեց, որ իր շրջապատում, քիչ չեն մարդիկ, ովքեր դեմ են արյուն հանձնելուն: «Առաջին հերթին ծնողներս են, սկզբում ասում էին, որ ոչ` մտածելով վատ հետեւանքներ կունենա, սակայն նրանք էլ հասկացան, որ նույնիսկ արյուն հանձնելը դրական ազդեցություն է ունենում դոնորի վրա»,- ասաց նա:

«Իմ արյունը քո արյունն է» խորագրով ակցիայի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ անվարձահատույց դոնորների թվի աճի շնորհիվ միայն կարելի է փրկել հիվանդներին: Նրա խոսքերով, ակցիան կրկնվում է եւ բոլորովին վերջերս է տեղի ունեցել նմանատիպ ակցիան, իսկ կրկնելու պատճառն այն է, որ իրենց ունեցած տեղեկության համաձայն` այսօր մեր երկրում արյան խնդիրը հրատապ է: «Ակցիայի նպատակը միայն մեկն է օգնել այն մարդուն, ով ունի արյան կարիք»,- ասաց նա:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նկատեց, որ հասարակության լայն շերտերի մոտ թյուր տպավորություն է, որ իրենց արյունը անվարձահատույց վերցնելով` վաճառում են հիվանդին: Նա վստահեցրեց, որ վերցնելով արյունը, լաբորատորիայում կատարում են որոշակի հետազոտություններ, ինչի հետեւանքով էլ առաջանում է նրա, իսկ խոսքերով սիմվոլիկ մի գին` 7000-10000 դրամ: «Դա ոչ թե արյան գինն է, որովհետեւ գիտենք, որ արյունը անգին հեղուկ է եւ նա կարող է փրկել հիվանդի կյանքը, այլ ընդամենը չնչին վճար»,- ասաց նա:

Գլխավոր բժշկի խոսքերով, հիվանդը չի վճարում արյան դիմաց, եթե դոնոր է դառնում նրա հարազատը: Այդ դեպքում Առողջապահության նախարարությանն է հոգում հանձնած արյան բաղադրամասերի հետազոտությունների ծախսերը:

Ի դեպ, ըստ բժշկի, Հայաստանում շատացել են դեպքերը, երբ հիվանդի հարազատներն անգամ չեն ուզում արյուն հանձնել, այլ նախընտրում են գնել դոնորներից: Իսկ դրա պատճառը, ըստ նրա` կրկին քարոզչության պակասն է:

Սմբատ Դաղբաշյանը հավաստեց, որ այսօր Հայաստանում դոնորների պակասն ակնհայտ է. «Ամբողջ աշխարհում, լուծված են լինում արյան հետ կապված հարցերը, երբ 1000 մարդուց գոնե 20-ը լինում են արյան դոնորներ, ցավոք սրտի, Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդից դոնոր է հանդիսանում միայն 0,4 տոկոս, այսինքն` մեկ մարդ էլ դոնոր չի հանդիսանում»: